31 մարտի 2026 - 12:30 AMT
ՖԱՖ-ը կրկին բարձրացրել է Մելիքբեկյանի հրաժարականի պահանջը

«Առաջին hայկական ճակատ» ( First armenian front) ֆան շարժման անդամները կրկին բարձրացրել են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջը: Այդ մասին ասվում է ՖԱՖ հայտարարության մեջ:

«Արդեն 1 տարուց ավելի է, ինչ Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների ֆան շարժումները պահանջում են ՀՖՖ նախագահի և ղեկավարության հրաժարականը: Հայաստան-Բելառուս հանդիպման ժամանակ մեր իրականացրած ակցիան կոչված էր ևս մեկ անգամ ի ցույց դնել, որ Արմեն Մելիքբեկյանը, հակառակ իր բազմաթիվ հայտարարությունների, կառչել է ՀՖՖ նախագահի աթոռից և փորձում է ամեն գնով պահել այն և վերարտադրվել 3-րդ ժամկետով. ինչը կվերացնի Հայաստանում ֆուտբոլի զարգացման հույսը առաջիկա 4-5 տարում։

Ավարտին է մոտենում Մելիքբեկյանի կառավարման 2-րդ ժամկետը, առաջիկայում տարբեր ֆորմատներով կամփոփենք ՀՖՖ ապիկար ղեկավարության կառավարման 7 տարիները և «ձեռքբերումները», սակայն մեկ բան պարզ է նույնիսկ անզեն աչքով՝ նրանք ձախողվել են հայկական ֆուտբոլի բոլոր ասպեկտներում։

«Մելիքբեկյանի ու ընկերների» հեռացումը հայկական ֆուտբոլից անհրաժեշտություն է և անխուսափելի է»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել էր, որ հրաժարական չի տա ֆեդերացիայի նախագահի պաշտոնից՝ միևնույն ժամանակ նշելով, որ կառչած չէ ՀՖՖ նախագահի աթոռից։ Նա նշել է, որ ակումբներից մի քանիսը փորձել են ֆեդերացիայից ստանալ արտոնություններ, առավելություններ այլ թիմերի հանդեպ ու «չստանալով՝ դարձել թունդ ընդդիմադիր»։