
Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը անդամակցել է Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպությանը։
Opera Europa-ն հանդիսանում է եվրոպական օպերային թատրոնների և փառատոների ամենախոշոր մասնագիտական ցանցերից մեկը, որը միավորում է ոլորտի առաջատար հաստատությունները և ձևավորում օպերային արվեստի զարգացման օրակարգը ինչպես Եվրոպայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
«Մեծ ուրախությամբ հայտարարում ենք մեր ցանցին նոր անդամի՝ Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի միանալու մասին։ Opera Europa-ն ողջունում է հազարամյակների պատմություն ունեցող, հարուստ մշակույթով և երաժշտական խոր ավանդույթներով երկրին։ Երևանի սրտում հպարտորեն կանգնած այս շքեղ թատրոնը գտնվում է զարգացման նոր, կենսունակ փուլում՝ առաջ մղելով գեղարվեստական բարձր որակի իր առաքելությունը։ Թե՛ Տիգրանյանի հուզիչ մեղեդիներով, թե՛ Խաչատրյանի բալետներով Հայաստանի մշակույթը հպարտությամբ հնչում է ամբողջ աշխարհում։ Անհամբերությամբ սպասում ենք նոր համագործակցության արդյունքներին»,- նշված է կազմակերպության պաշտոնական հաղորդագրության մեջ։
Opera Europa-ին անդամակցությունը հնարավորություն է տալիա ընդլայնել միջազգային համագործակցությունը, խթանել փորձի փոխանակումը և հայկական օպերային արվեստն առավել լայնորեն ներկայացնել համաշխարհային հարթակներում։