
Որոշ կազմակերպություններ, մասնավորապես՝ «Կրթության զարգացման և կառավարման» հիմնադրամը, իրականացնում է ոչ կրթական գործունեություն, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը՝ հորդորելով զերծ մնալ հիմնադրամի հետ այսօրինակ աշխատանքներին մասնակցելուց։
Նշվում է, որ համացանցում տարածվել է տեղեկատվություն հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների տարակարգի շնորհման փաթեթների կազմմանն աջակցելու նպատակով վճարովի ծառայությունների մատուցման վերաբերյալ, որոնք չեն հանդիսացել տարակարգ ստանալու հիմք և հանգեցրել են ֆինանսական միջոցների անհարկի ծախսման։
«Ուսուցիչների դասընթացների անվան տակ իրականացվում է վաճառքի ենթակա նյութերի մշակում, իսկ դասընթացների ընթացքում բովանդակային վերապատրաստման փոխարեն մասնակից ուսուցիչների հետ տարվում է քաղաքական և կրթության քաղաքականությանը խոչընդոտելու թեմաներով աշխատանք։ Վերոնշյալ խմբերի կողմից ընդունվում են նաև պատվերներ՝ տնօրենի զարգացման ծրագիր գրելու վերաբերյալ։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նման կազմակերպությունները, մասնավորապես՝ «Կրթության զարգացման և կառավարման» հիմնադրամը, իրականացնում է ոչ կրթական գործունեություն, ուստի խնդրում ենք զերծ մնալ հիմնադրամի հետ այսօրինակ աշխատանքներին մասնակցելուց։ Հարկ է նշել, որ այս հարցով նախարարությունը դիմել է նաև իրավապահ մարմիններին՝ նման անօրինական երևույթները կանխելու նպատակով»,-նշված է հաղորդագրության մեջ։