8 ապրիլի 2026 - 18:21 AMT
«Հայաստան» խմբակցություն. Նվազեցնելու ենք գույքահարկը, բազային կենսաթոշակն աճելու է առնվազն 50%-ով

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական ուղենիշների ներկայացման ժամանակ նշել է, որ երկրում ձևավորված սոցիալական ծանր իրավիճակը պայմանավորված է նաև խորքային սոցիալական խնդիրներով և եկամուտների անհամաչափ բաշխմամբ։

Նա հայտարարել է, որ վերանայելու են էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականությունը, որի նպատակն է լինելու իջեցնելու ցերեկային սակագինը, նվազեցնելու են գույքահարկը, հայտնում է Panorama.am-ը:

«Նվազեցնելու ենք գույքահարկը, 2026 թվականի համար նախատեսված այս այլանդակ բարձրացումը չեղարկվելու է և կիրառելու ենք շքեղության հարկ, այսինքը՝ հարուստները և գերհարուստները վճարելու են ցածր և միջին եկամուտ ունեցող մարդկանց փոխարեն։ Սոցիալական համերաշխությունը վերականգնելու ենք նաև եկամուտների արդար վերաբաշխմամբ»,-ասել է պատգամավորը:

Նա հավելել է, որ չեղարկվելու է նաև համատարած հայտարարգրումը և այդ քայլերն ամրացնելու են սոցիալական պետություն կառուցելու որդեգրած քաղաքականությունը։

«Ստեղծված սոցիալական ծանր իրավիճակի պատճառն արտաքինը չէ, ծանր հոգեբանական վիճակը չէ, որ ստեղծվել է, սրա պատճառը նաև խորը սոցիալական հիմքն է, որ այս իշխանությունը, ցավոք սրտի, բերեց և շարունակում է ամրապնդել։ Սրա պատճառն է նաև այն, որ բնակչության եկամուտների ակնհայտ անհամաչափ բաշխման վիճակ է ստեղծվել»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ սոցիալապես խոցելի խմբերի եկամուտները չեն հասցրել համընթաց աճել կյանքի թանկացմանը։

«Ոչ միայն շեշտակի աճում են առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները, դեղորայքն ու կոմունալ վճարները, այլև գույքահարկը, հանրային տրանսպորտի սակագինը։ 100-հազարավոր քաղաքացիներ կանգնած են ամենօրյա դժվարին ընտրության առաջ՝ չնչին եկամուտով վճարել ջեռուցմա՞ն, թե՞ կենսական դեղորայքի համար»,- ասել է Մինասյանը։

Նա նշել է, որ դաշինքը առաջնահերթ է համարում սոցիալական բևեռացման նվազեցումը՝ առաջարկելով մի շարք քայլեր։

«Նվազագույն աշխատավարձը հավասարեցվելու է նվազագույն կենսաապահովման զամբյուղի արժեքին, նաև ինդեքսավորվելու են՝ այսինքն՝ գնաճից ոչ պակաս ամեն տարի ավտոմատ, օրենքի ուժով դրանք բարձրանալու են, այլ ոչ թե քաղաքական ուժի ցանկությամբ աճեն։ Բազային կենսաթոշակն աճելու է առնվազն 50%-ով, և պարտադիր ինդեքսավորվելու է գնաճին զուգահեռ։

Ձմռան ամիսներին ամբողջությամբ կփոխհատուցվեն սոցիալապես անապահով միայնակ թոշակառուներին, ծայրահեղ աղքատ և երեխա ունեցող ընտանիքների գազի և էլեկտրաէներգիայի ծախսերը»,-ասել է ընդդիմադիր պատգամավորը:

Նա հավելել է, որ նախատեսվում է նաև չեղարկել համատարած հայտարարագրումը՝ միաժամանակ ամրապնդելով սոցիալական պետության մոդելը։

Մինասյանը տեղեկացրել է, որ աշխարհում հայկական կապիտալը գնահատվում է մոտ 400 մլրդ դոլար, և ծրագրով նախատեսվում է դրա մի մասը ներգրավել «Բազմանպատակ ֆոնդի» միջոցով։

Նրա խոսքով՝ առողջության ապահովագրության համակարգը ևս կպահպանվի, սակայն կկատարելագործվի՝ խնդիրները նվազեցնելու նպատակով։

«Այսօր մենք եկել ենք, որպեսզի էլ ավելի ամրացնենք ընտանիքի պաշտպանությունը՝ «Ընտանիքի աճի մոդելով» յուրաքանչյոր երկրորդ երեխայից հետո եկամտահարկը կնվազի ևս 2%-ով»,- ասել է Մինասյանը։

Նա նաև նշել է, որ տաքսու վարորդների և գյուղացիների աշխատանքային տարիները կներառվեն ստաժում, կվերացվի տուգանքների բալային համակարգը, իսկ արագության գերազանցման շեմը կբարձրացվի 10-ից մինչև 15 կմ/ժ։

Ելույթի ավարտին Մինասյանը հայտարարել է, որ ներկայացված ծրագիրը ներառում է նվազագույն խոստումներ, և վստահության դեպքում պատրաստ են իրականացնել ավելի լայն փոփոխություններ։

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: