
Հայաստանում շատ են քաղաքական ուժերը, որոնք տրամադրված են ՌԴ հետ կառուցողական համագործակցության, հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ երկու երկրներին միավորում են տարաբնույթ կապեր, պատմություն, այդ թվում՝ քաղաքակրթական ընդհանրությունը, Ռուսաստանում 2 միլիոնանոց հայկական սփյուռք կա, հայտնում է Sputnik Արմենիան:
«Մենք չենք կարող անտեսել հանրապետությունում ծավալվող գործընթացները և ակնկալում ենք, որ պրոռուսական ուժերը կկարողանան ազատորեն մասնակցել Հայաստանի քաղաքացիների կամարտահայտությանը։ Խոսքը ներքին գործերին միջամտելու մասին չէ, այլ այն մասին, որ Հայաստանի այն քաղաքացիները, որոնք ունեն ընտրության իրավունք, բայց միաժամանակ հանդես են գալիս Ռուսաստանի հետ կապերի և հարաբերությունների օգտին՝ ելնելով մի շարք փաստերից, նույնպես կկարողանան դա անել ազատ և ժողովրդավարական ձևով», - ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ այդ քաղաքական ուժերի համար Ռուսաստանի հետ փոխգործակցությունը բիզնես նախագիծ չէ, այլ պատմականորեն ձևավորված բնական շարունակություն, «այդ նույն կապերը, որոնք պարզապես հնարավոր չէ կտրել կամ դրանցից հրաժարվել»։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը նաև անդրադարձել է Հայաստանի խորհրդարանի կողմից երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, որոնք նախատեսում են կուսակցությունների անվանումներում անձնանունների օգտագործման արգելքին։ Զախարովան ընդգծել է, որ ռուսական կողմն այդ հարցի վերաբերյալ դեռևս ունի հարցադրումներ, որոնք շարունակում է ուսումնասիրել։
«Նորամուծությունները կարող են նախատեսել լուրջ սահմանափակումներ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի անվանման առումով», - ասել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ կարևոր է, որպեսզի այդ փոփոխությունները չկիրառվեն ընդդիմադիր ուժերի նպատակային սահմանափակման համար ընտրական գործընթացում։
Ռուսական անձնագիր ունեցողները չեն կարող մասնակցել ՀՀ ընտրություններին, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական զարգացումներին:Նա նաև հավելել է, որ ՀՀ-ում «ազատազրկման վայրերում քաղաքական գործընթացների մասնակիցներ չկան»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Հայաստանում առկա են բազմաթիվ ռուսամետ քաղաքական ուժեր և գործիչներ, ինչպես նաև նշել է, որ նրանցից ոմանք գտնվում են ազատազրկման մեջ։