
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը խստորեն դատապարտել է «Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմի կողմից Ստեփանակերտում Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնահատակ ավերման փաստը»:
Հայտարարության մեջ նշվում է, որ տարիներ շարունակ Սուրբ Հակոբ եկեղեցին եղել է Ստեփանակերտի հոգևոր կյանքի կենտրոնը՝ որտեղ հազարավոր արցախցիներ իրենց սրտաբուխ աղոթքներն են բարձրացրել առ Աստված, և որտեղ ամեն կիրակի «բաշխվել են մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունը»։
«Համակարգված, նպատակային և պետական մակարդակով իրականացվող մշակութային այս ցեղասպանությունը շարունակվում է ամբողջ աշխարհի աչքերի առաջ, որի խոսուն վկաներն են նաև հիմնովին ավերված Շուշիի ս. Հովհաննես Մկրտիչ, Տանձատափի, Մոխրենես գյուղի ս. Սարգիս, Բերձորի ս. Համբարձման, Մեխակավանի Զորավոր ս. Աստվածածին եկեղեցիներն ու բազմաթիվ այլ սրբավայրեր։
Ինչքան էլ անարձագանք մնան մեր արդար դատապարտումներն ուղղված մշակութային եղեռնի հետևողական շարունակությունը չկանխող համաշխարհային կառույցներին, որոնք ստանձնել են այդ պարտականությունը, մենք ավետարանական այրի կնոջ պես անընդհատ պահանջելու ենք մեր արդար դատն ու իրավունքը:
Ուստի, վերստին կոչ ենք անում միջազգային համապաստասխան կառույցներին միջամտելու դադարեցնել այս ակնհայտ վանդալիզմը և կանխել համաքրիստոնեական արժեք հանդիսացող Արցախյան հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը»,-ասվում է հայտարարության մեջ:
Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցվել էր 2007 թվականին՝ ամերիկահայ բարերարի աջակցությամբ՝ ի հիշատակ նրա Հակոբ անունով որդու։