14 ապրիլի 2026 - 10:17 AMT
Ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են

Էրեբունու համայնքային ոստիկանները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել են 3 տղամարդու, որոնք հայհոյել են և հարվածներ հասցրել 74 համարի ավտոբուսի վարորդին, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:

Ապրիլի 8-ի ցերեկը 112 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ երեք տղամարդ Էրեբունի փողոցում դուրս են հանել 74 համարի ավտոբուսի վարորդին, ծեծի ենթարկել, վնասել ճակատը, ապա իջեցրել ուղևորներին և դիմել փախուստի։

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնից մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 12։35-ին, Տիգրան Մեծի պողոտայում ընթացող թիվ 74 երթուղային ավտոբուսում երկու երիտասարդ սկսել են վիճել միմյանց հետ։ Վարորդը նրանց դիտողություն է արել, սակայն վիճաբանությունը շարունակվել է։ Այնուհետև նրանցից մեկը մոտեցել է վարորդին և վիրավորական խոսքեր է ասել, ինչից հետո վարորդը նրան իջեցրել է ավտոբուսից։

Ավելի ուշ, Էրեբունի փողոցի կանգառում «Նիսան» մակնիշի մեքենայով երեք տղամարդ փակել են ավտոբուսի ճանապարհը, բարձրացել ներս և սկսել վիճել վարորդի հետ։ Այդ ընթացքում նրանցից մեկը վերցրել է ավտոբուսի բանալին և նետել վարորդի ուղղությամբ՝ նրան մարմնական վնասվածք պատճառելով։ Դրանից հետո վարորդին դուրս են կանչել, ավտոբուսից, հայհոյել և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են մասնակիցներից մեկի ինքնությունը՝ Սմբատ Զորավարի փողոցում բնակվող 32-ամյա տղամարդու։ Կազմված նյութերը փոխանցվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով։

Հետագա քայլերի արդյունքում պարզվել են նաև մյուս երկու անձանց ինքնությունները՝ Թևոսյան փողոցի բնակիչ 29-ամյա և Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդիկ։

Բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 8-ին՝ ժամը 21։40-ին, երեքն էլ ներկայացել են ոստիկանության բաժին և ձերբակալվել են։

Նախաքննությունը շարունակվում է՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։