
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը «Ապագայի տեսլականը» խորագրով TEDx ֆորումում անդրադարձել է արհեստական բանականության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը, ինչպես նաև Հայաստանի դիրքին համաշխարհային տեխնոլոգիական քարտեզում։
Հայրապետյանը նշել է, որ համաշխարհային տնտեսությունը տեղափոխվել է դեպի արհեստական բանականության վրա հիմնված համակարգերի զարգացման նոր փուլ, որտեղ փոքր պետությունները հնարավորություն են ստացել ձեռք բերել ռազմավարական առավելություն՝ ճիշտ առաջնահերթություններ ընտրելու և առկա հնարավորությունները արդյունավետ օգտագործելու դեպքում։
Նշված համատեքստում նախարարը առանձնացրել է երեք հիմնական ռեսուրս, որոնք որոշիչ նշանակություն են ունենալու փոքր երկրների համար՝ էներգետիկ կարողությունները, բարձր արտադրողականությամբ հաշվողական ենթակառուցվածքները և մարդկային կապիտալը։
Հայրապետյանն ընդգծել է, որ ԱԲ դարաշրջանում Հայաստանի հաջողությունը կախված է այս երեք ռեսուրսների համաժամանակյա և հետևողական զարգացումից։ Նրա դիտարկմամբ՝ արդյունավետ ռազմավարության կիրառման պարագայում Հայաստանը կարող է ամրապնդել իր դիրքերը միջազգային տեխնոլոգիական միջավայրում և հանդես գալ որպես մրցունակ դերակատար ձևավորվող նոր տնտեսական համակարգում։