
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պարույր Սևակի նորակառույց կրթահամալիրում անդրադարձել է հարկային պարտավորությունների կատարման կարևորությանը պետական շինարարության համատեքստում։
Նա շեշտել է, որ հարկային համակարգը երբեմն քաղաքական նպատակներով դեմոնիզացվում է, հայտնում է Auroranews.am-ը:
«Նրանք, ովքեր դեմոնիզացնում են հարկային համակարգը, նրանք, որ ասում են՝ այս մեկը թող հարկ չվճարի, այն մեկը հարկ չվճարի, երրորդը, չորրորդը, հինգերորդը, վեցերորդը, նրանք ի՞նչ են ասում։ Ասում են՝ թող դպրոց չլինի, թող ճանապարհ չլինի, թող աշխատավարձ չլինի, թող Հայաստանում 500, 700 կամ 300,000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ չլինի, 16 միլիոնի ծրագիր չլինի և այսպես շարունակ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Նա պատմել է գյուղերից մեկում մանկապարտեզի բացման ժամանակ ունեցած տպավորությունների մասին։ Նա նշել է, որ բնակիչներին հորդորել է գնումներ կատարելիս մշտապես վերցնել ՀԴՄ կտրոն և գործունեություն ծավալելիս առանց դժկամության վճարել հարկերը՝ հիշելով ստեղծված կրթական հաստատությունների մասին։
Փաշինյանի համոզմամբ՝ անհատի բարեկեցությունն առաջին հերթին պայմանավորված է ոչ թե սեփական ծախսերով, այլ այն գումարներով, որոնք պետական և համայնքային բյուջեներն ուղղում են նրա բարեկեցությանը։
Ըստ կառավարության ղեկավարի՝ որքան էլ մարդը լինի հարուստ, ծնողները չեն կարող առանձին դպրոց կամ մանկապարտեզ կառուցել իրենց երեխաների համար, ինչպես և անհնար է սեփական միջոցներով առանձին ճանապարհ անցկացնել դեպի տուն։