16 ապրիլի 2026 - 11:15 AMT
Ավերվել է ոչ միայն Ստեփանակերտի Սբ Հակոբ եկեղեցին, այլև տարածքի խաչքարերն ու կոթողները

Ադրբեջանական կողմը քանդել է ոչ միայն 2007 թ. Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցում կառուցված Սուրբ Հակոբ եկեղեցին, այլ նաև հողին է հավասարեցվել եկեղեցու ամբողջ շրջակա տարածքը, ինչը հայտնի է դարձել տարածված լուսանկարներից:

Սա նշանակում է, որ ոչնչացվել են նաև եկեղեցու տարածքում գտնվող խաչքարերը և կոթողները: Հատկապես աչքի էր ընկնում քանդակագործ Ռոբերտ Ասկարյանի կողմից կերտված խաչքարը, հայտնում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող Monument Watch կայքը:

Նշվում է, որ Ստեփանակերտի սուրբ Հակոբ եկեղեցու կանխամտածված ոչնչացումը խախտում է Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածը և համարվում է մարդկության դեմ ծանր հանցագործություն։ Եկեղեցուն հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։

Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացումը նաև ցեղասպանական գործողություն է, քանզի ցեղասպանության խնդիրն այսօր դիտարկվում է նաև մշակութային ժառանգության վրա հարձակումների համատեքստում (ICC, Policy on Cultural Heritage, para. 88)։

Հռոմի կանոնադրության մշակութային ժառանգության դրույթների քննման ձեռնարկը նշում է․ «Մշակութային ժառանգության դեմ կամ դրա վրա ազդող հանցագործությունները հաճախ կապված են ցեղասպանության հետ կամ կատարվում են որպես դրա մի մաս (ICC, Policy on Cultural Heritage, para. 78) Մշակութային ժառանգության ոչնչացումը կարող է լուրջ հոգեկան վնաս պատճառել մարդկանց՝ ուժեղացնելով ցեղասպանական գործողությունների ծանրությունն ու լրջությունը համաձայն Հռոմի կանոնադրության 6 (բ) հոդվածի։

«Ֆիզիկական վնասներից բացի, սուրբ Հակոբ եկեղեցու ավերումը առաջացրել է նաև խոր զգացմունքային և մշակութային հետևանքներ՝ ազդելով տուժած համայնքի վրա և դիտարկվելով որպես արցախահայերի ու ամբողջ հայության մշակութային իրավունքների կոպիտ խախտում։ Մշակույթի իրավունքների համընդհանուր երաշխիքը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ» հռչակագիրն իր 27-րդ հոդվածով սահմանում է․ «Յուրաքանչյուր ոք ունի համայնքի մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, արվեստը վայելելու, գիտական առաջընթացին և դրա օգուտներին մասնակցելու իրավունք»: Բացի այդ, «Մշակութային բազմազանության մասին համընդհանուր» հռչակագրի 4-րդ հոդվածում և «Մարդու իրավունքների խորհրդի 10/23 բանաձևի» 4-րդ պարբերությունում նշվում է, որ ոչ ոք կարող ոտնահարել միջազգային իրավունքով երաշխավորված մարդու իրավունքները, ոչ էլ սահմանափակելու դրանց շրջանակը»,- ասվում է հրապարակման մեջ:

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը խստորեն դատապարտել է «Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմի կողմից Ստեփանակերտում Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնահատակ ավերման փաստը»:

Հայտարարության մեջ նշվում է, որ տարիներ շարունակ Սուրբ Հակոբ եկեղեցին եղել է Ստեփանակերտի հոգևոր կյանքի կենտրոնը՝ որտեղ հազարավոր արցախցիներ իրենց սրտաբուխ աղոթքներն են բարձրացրել առ Աստված, և որտեղ ամեն կիրակի «բաշխվել են մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունը»: