16 ապրիլի 2026 - 18:05 AMT
Միրզոյանն ու Ցոյուն քննարկել են Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումներին մասնակցության հարցեր

Ապրիլի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա-Սիլվիա Ցոյուի հետ, անդրադարձել մայիսի սկզբին Երևանում նախատեսված բարձրաստիճան միջոցառումներին մասնակցության հարցերին։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված նախաձեռնություններ՝ ընդգծելով տարբեր ոլորտներում համագործակցության առաջմղման հարցում առկա փոխադարձ պատրաստակամությունը։

Կարևորվել է նաև երկկողմ օրակարգի շարունակական զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը։

Արարատ Միրզոյանը և Օանա-Սիլվիա Ցոյուն մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ՝ ընդգծելով տնտեսական և տրանսպորտային հաղորդակցության նախագծերի իրականացման նկատմամբ հետաքրքրվածությունը և դրանց հնարավոր առավելությունները։

Հայաստանում մայիսի 3-5-ը նախատեսված են լայնամասշտաբ միջոցառումներ՝ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը, ՀՀ-ԵՄ գագաթնաժողովը և «Երևանյան երկխոսություն» նախաձեռնությունը, բազմաթիվ օտարերկրյա պատվիրակությունների մասնակցությամբ։