24 հունիսի 2009 - 14:56 AMT
ԱՄՆ-ը կապվել է այաթոլլա Համենեի հետ մինչեւ ընտրությունները
Ինչպես հայտնում է The Washington Times-ը վկայակոչելով անհայտ աղբյուրները, Իրանի ընտրություններից մեկ շաբաթ առաջ Օբամայի վարչակազմը գաղտնի Շվեյցարիայի դեսպանատան միջոցով նամակ է ուղարկել, որը հասցեագրված է եղել երկրի բարձրագույն ղեկավար այաթոլլա Համենեին: Երկկողման հարաբերությունները լավացնելու մասին այդպիսի նամակի գոյության փաստը վերջերս հաստատել է ինքը` Համենեին:
Ինչպես նշվում է, նա հիշատակել է այդ ուղերձն իր քարոզի ժամանակ անցյալ շաբաթ, որի ընթացքում մեղադրել է ԱՄՆ-ին երկրում հունիսի 12-ի ընտրություններից հետո զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:
Երեքշաբթի Սպիտակ տանը պաշտոնապես հրաժարվել են մեկնաբանել նամակը, եւ նույն օրը հնչել է Իրանի դեպքերի ամենակոշտ քննադատությունը Բարաք Օբամայի կողմից: «Ես կտրականապես դատապարտում եմ այդ անարդար գործողությւոնները,- հայտարարել է նա ցույցերը դաժանաբար ցրելու հետ կապված, որոնց զոհ են դարձել 17 մարդ: - Ես հստակ հասկացնել տվեցի, որ ԱՄՆ-ը հարգում է Իրանի Իսլամական Հանրապետության ինքնավարությունը եւ չի խառնվում Իրանի գործերին: Բայց մենք չէինք կարող չարձանագրել իրանական ժողովրդի քաջությունը եւ հպարտությունը... Նրանք, ովքեր արդարության կողմն են, պատմության տեսանկյունից միշտ ճիշտ են:
Ինչպես հայտնել է թերթին իրանական աղբյուրը, նամակն ուղարկվել է Իրանի ԱԳՆ-ին Շվեյցարիայի դիվանագիտական առաքելության միջոցով մայիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում եւ այդտեղից հասցվել է Համենեին: Նամակում «տարածաշրջանային եւ երկկողմանի հարաբերությունների համագործակցության» առաջարկներ էին, ինչպես նաեւ միջուկային խնդիրը լուծելու նախաձեռնություններ:
Բացի դրանից, ԱՄՆ նախագահն ավելացրել է, որ Վաշինգտոնն «առաջարկել է ճանապարհ, որով Իրանը կարող է կապվել միջազգային հանրության հետ, սկսել համագործակցել եւ ինտեգրվել միջազգային նորմերի շրջանակներ... Այդ ճանապարհն ընտրելու որոշումը կախված է նրանցից»:
Թերթը նաեւ Համենեի քարոզից մեջբերում է կատարել. «Մի կողմից, նրանք մեզ նամակ են գրում, որում հարգանք են հայտնում իսլամական հանրապետության նկատմամբ եւ հարաբերությունների վերականգնման հույս հայտնում, իսկ այլ կողմից ցուցարարներին պաշտպանելու հայտարարություն են անում: Մենք պետք է հավատա՞նք այդպիսի արտահայտություններին: Երկրի ներսում նրանց գործակալներն ակտիվացված էին: Սկսվել է բարբարոսություն: Փողոցներում սկսվել են հրկիզումներ եւ սաբոտաժ, թալանվել են խանութներ, նրանք ցանկանում են ստեղծել քաոս: Խախտվել է հասարակական անվտանգությունը: Եվ այդ խախտողները հասարակությունը չէ կամ այս կամ այն թեկանծուի կողմնակիցները: Նրանք արեւմտյան հետախուզության եւ սիոնիստների չարագործներն են, վարձկանները, գործակալները»:
Ամերիկյան փորձագետները, մասնավորապես Միջազգային հարաբերությունների խորհրդի նախագահ Ռիչարդ Հաասը, Սպիտակ տանը խորհուրդ են «խուսափել Իրանի հետ փոխգործակցության մասին որեւէ արտահայտությունից» այնքան ժամանակ, քանի դեռ ներկա քաղաքական ճգնաժամն ավելի հստակ չի դարձել: