20 ապրիլի 2026 - 17:17 AMT
ԶԼՄ․ Թուրքիան դիտարկում է Հայաստանի հետ փակ սահմանը վերաբացելու հնարավորությունը

Financial Times-ում հրապարակված վերլուծության համաձայն՝ Թուրքիան դիտարկում է Հայաստանի հետ փակ սահմանը վերաբացելու հնարավորությունը՝ Եվրոպան և Ասիան կապող նոր առևտրային ուղի ձևավորելու նպատակով, գրում է Ermenihaber-ը:

Խոսքը մասնավորապես Ալիջանի սահմանային անցակետի մասին է, որը փակ է մոտ 32 տարի։ Ըստ վերլուծության՝ Անկարան արդեն սկսել է սահմանային անցակետի ենթակառուցվածքների նախապատրաստական աշխատանքներ։

Նշվում է, որ այս քայլը կարող է դառնալ «Միջին միջանցքի» կարևոր բաղադրիչ, որը Չինաստանից դեպի Եվրոպա բեռների տեղափոխման տևողությունը կարող է կրճատել մոտ 40 օրից մինչև 12–15 օր։

Վերլուծության մեջ նշվում է նաև ԱՄՆ աջակցությամբ առաջ քաշվող TRIPP նախաձեռնությունը, որի նպատակը այլընտրանքային առևտրային ուղիների ձևավորումն է՝ շրջանցելով ծովային երթուղիները, այդ թվում՝ Հորմուզի նեղուցը։

Միևնույն ժամանակ, փորձագետները նշում են, որ նախագիծը բախվում է մի շարք լուրջ խոչընդոտների՝ ենթակառուցվածքային սահմանափակումներ, տարբեր չափանիշներով երկաթուղային համակարգեր, բարդ մաքսային ընթացակարգեր և տարածաշրջանային աշխարհաքաղաքական ռիսկեր։

Ըստ վերլուծական հոդվածի՝ Թուրքիան փորձում է ամրապնդել իր դիրքը որպես տարածաշրջանային տրանսպորտային և էներգետիկ հանգույց, սակայն ծրագրի իրականացումը մեծապես կախված է քաղաքական պայմաններից և տարածաշրջանային կայունությունից։

Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով պատրաստակամություն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ 2022–ին Վիեննայում երկու երկրների ներկայացուցիչները պայմանավորվել են բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն մինչ այժմ այդ պայմանավորվածությունները գործնականորեն չեն իրականացվել։

2025 թվականի սեպտեմբերին Սերդար Քըլըչը այցելել է Հայաստան։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են 2022 թվականի հուլիսի 1-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման քայլերը և եկել են համաձայնության՝ արագացնել այդ գործընթացը։