21 ապրիլի 2026 - 12:21 AMT
Ադրբեջանցիները Ստեփանակերտում ոչնչացրել են Սբ Աստվածամոր Հովանու եկեղեցին

Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին, հայտնում է Արցախի Մշակութային և զբոսաշրջության զարգացման գործակալությունը:

«Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ արձանագրվել է, որ ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում ոչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին:

Սա պարզապես եկեղեցու քանդում չէ։ Սա նույն քաղաքականության շարունակությունն է, որը մեկ դար առաջ հանգեցրեց Հայոց ցեղասպանության։ Այսօր այն դրսևորվում է նոր ձևերով՝ որպես մշակութային ցեղասպանություն և հայրենիքի ջնջման ծրագրված գործընթաց, որի նպատակն է Արցախում հայկական պատմական հիշողության, մշակույթի և հոգևոր ներկայության վերջնական վերացումը։ Քանդվում են ոչ միայն շենքեր, այլև ժողովրդի ինքնությունը, անցյալը և ապագայի իրավունքը։

Այս պայմաններում անթույլատրելի է Հայաստանի Հանրապետության իշխանությունների գրեթե լիակատար լռությունը։ Երբ քանդվում են մեր սրբավայրերը, լռությունը այլևս չեզոքություն չէ — դա դառնում է համակերպում կատարվող հանցագործությանը։

Նույնքան ամոթալի և վտանգավոր է միջազգային հանրության, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող միջազգային և մասնագիտացված կառույցների լռությունը։ Այս լռությունը ոչ միայն չի կանգնեցնում հանցագործին, այլև խրախուսում է նոր հանցագործություններ՝ ստեղծելով անպատժելիության մթնոլորտ։

Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են անհապաղ և հստակ քաղաքական գնահատական տալ այս բարբարոսությանը, հրապարակայնորեն դատապարտել Արցախում մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը և ձեռնարկել գործուն դիվանագիտական քայլեր՝ միջազգային հարթակներում բարձրացնելու այդ հարցը։

Միևնույն ժամանակ պետք է հստակ արձանագրվի՝ Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքը իր հայրենիք անքակտելի է և չի կարող կասկածի տակ դրվել։ Մշակութային ժառանգության ոչնչացումը ուղղված է նաև այդ իրավունքի մերժմանը՝ հիշողության վերացման միջոցով խափանելով ժողովրդի վերադարձի հնարավորությունը։

Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին, կառուցված 2000–2019 թվականներին, հանդիսացել է Ստեփանակերտի կարևորագույն հոգևոր կենտրոններից մեկը։ Այն վերականգնել է դարավոր եկեղեցական ներկայությունը այն տարածքում, որտեղ դեռևս XIX դարի վերջից գործող եկեղեցին խորհրդային տարիներին փակվել է և վերափոխվել աշխարհիկ շինության։ Նորակառույց տաճարը դարձել է հավատքի վերածննդի, հիշողության պահպանման և հայկական ինքնության շարունակականության կենդանի խորհրդանիշ։

Այսօր դրա ոչնչացումը դարձել է նույն ողբերգական շղթայի հերթական դրվագը, որը մեկ դար առաջ սկսվել է ցեղասպանությամբ և այժմ շարունակվում է՝ ուղղված ոչ միայն նյութական արժեքների, այլև ժողովրդի հիշողության, արժանապատվության և իր հայրենիքում ապրելու ու վերադառնալու իրավունքի դեմ»,- ասվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը քանդել է ոչ միայն 2007 թ. Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցում կառուցված Սուրբ Հակոբ եկեղեցին, այլ նաև հողին է հավասարեցվել եկեղեցու ամբողջ շրջակա տարածքը, ինչը հայտնի է դարձել տարածված լուսանկարներից: Սա նշանակում է, որ ոչնչացվել են նաև եկեղեցու տարածքում գտնվող խաչքարերը և կոթողները: