21 ապրիլի 2026 - 16:33 AMT
Հայ շախմատիստներն աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել

Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտված շախմատի Եվրոպայի անհատական առաջնության ավարտին գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը նվաճել են 2027 թվականի աշխարհի գավաթի ուղեգրեր։

Նրանք հավաքել են 8-ական միավոր և կիսել 5-23-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով համապատասխանաբար 9-րդ և 13-րդ տեղերը:

Հայ մասնակիցներից մրցանակային ցուցակում ընդգրկվել է նաև միջազգային վարպետ Արսեն Դավթյանը, որը նույնպես վաստակել է 8 միավոր և զբաղեցրել 23-րդ հորիզոնականը։ Առաջնության ընթացքում նա լրացրել է գրոսմայստերի առաջին նորման, իսկ Տիգրան Համբարձումյանը կատարել է միջազգային վարպետի երկրորդ նորման։

Եվրոպայի առաջնության հաղթող է դարձել ուկրաինացի միջազգային վարպետ Ռոման Դեխտյարովը՝ 11 հնարավորից վաստակելով 9 միավոր։

Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները հետևյալն են՝ Հայկ Մարտիրոսյան՝ 8 միավոր, Ռոբերտ Հովհաննիսյան՝ 8 միավոր, Արսեն Դավթյան՝ 8 միավոր, Էմին Օհանյան՝ 7.5 միավոր, Շանթ Սարգսյան՝ 7.5 միավոր, Գաբրիել Սարգսյան՝ 7.5 միավոր, Արթուր Դավթյան՝ 7.5 միավոր, Մանուէլ Պետրոսյան՝ 7 միավոր, Վահե Սուքիասյան՝ 6.5 միավոր, Մամիկոն Ղարիբյան՝ 6.5 միավոր, Տիգրան Համբարձումյան՝ 6.5 միավոր, Ռոբերտ Փիլիպոսյան՝ 6.5 միավոր, Մարիամ Մկրտչյան՝ 6.5 միավոր, Րաֆֆի Ղազարյան՝ 4.5 միավոր։