
Հայաստանի ու Ադրբեջանի միջև վաշինգտոնյան հռչակագիրը մեծացրել է Հայաստանի կարողությունները՝ դիմակայելու մարտահրավերներին և բացասական ազդեցություններին, որոնք գալիս են ինչպես ուկրաինական, այնպես էլ մերձավորարևելյան հակամարտություններից, հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նա այդ մասին ասել է Հունաստանում «Դելֆի տնտեսական ֆորումի» պանելային քննարկման ընթացքում՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում, մասնավորապես Իրանի շուրջ ընթացող զարգացումներին և դրանց ազդեցությանը Հայաստանի վրա, հայտնում է Արմենպրեսը:
«Մենք տեսնում էինք, որ պատերազմը մոտենում է (խմբ․՝ նկատի է առնվում ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև պատերազմը)։ Մենք տեսնում ենք ոչ միայն այն ամենն, ինչ հանրային է, բայց նաև այն, ինչ ներառված է այլ զեկույցներում, որոնցում, չէի ասի՝ ակնհայտորեն, բայց իրադարձությունների ընթացքը տանում էր դեպի պատերազմ»,-շեշտել է Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարը հավելել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատերազմներն ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Մերձավոր Արևելքում բացասաբար են անդրադառնում Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա՝ Հայաստանը ակտիվորեն աշխատել է խաղաղության հաստատման ուղղությամբ։
«Այդ ակտիվ աշխատանքի և խաղաղության ուղղությամբ շարժվելու շնորհիվ մենք ունեցանք Վաշինգտոնի խաղաղության հռչակագիրը, Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը, ինչն իրական խաղաղություն բերեց մեր տարածաշրջան․ սա նաև մեծացրեց մեր կարողությունները՝ դիմակայելու մարտահրավերներին, որոնք գալիս են ուկրաինական ու մերձավորարևելյան հակամարտություններից և բացասական ազդեցություն են ունենում մեզ վրա»,-ասել է Գրիգորյանը։
Նա նաև նշել է, որ ներկայումս Հայաստանը, ինչպես ամբողջ աշխարհը, զգում է Հորմուզի նեղուցի փակման հետևանքները, և կառավարության կողմից քայլեր են ձեռնարկվել դրանց ազդեցությունը նվազեցնելու համար։
ԱԽ քարտուղարը այս համատեքստում ընդգծել է նաև, որ իրավիճակի վրա իր ազդեցությունն է թողել Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցությունը, որի արդյունքում Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել նավթամթերք։
«Սրա արդյունքում Հայաստանում նվազեցին վառելիքի արժեքները, սակայն Հորմուզի նեղուցի փակման հետևանքով դրանք բարձրացան, իսկ հիմա վառելիքի արժեքը հավասարվել է այն ցուցանիշին, որն, օրինակ, կար նախորդ տարվա հոկտեմբերին, այնպես որ, ազդեցությունը հնարավորինս նվազեցված է։ Այդուհանդերձ, Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը ևս ազդեցություն է կրում սրանից, ինչի հետևանքով ՀՀ կառավարությունը ստիպված էր սուբսիդավորել գյուղատնտեսներին»,-նշել է Արմեն Գրիգորյանը։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։