
Հունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Աղաջանյանը Եվրոպայի առաջնությունում դարձել է փոխչեմպիոն՝ նվաճելով արծաթե մեդալ։
60 կգ քաշային կարգի եզրափակչում Աղաջանյանը, ով առաջին անգամ է մասնակցել մեծահասակների մրցաշարին, պարտվել է Սերբիան ներկայացնող Գեորգի Տիբալովին՝ 2:2 հաշվով ավարտված գոտեմարտում։
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, նույնպես հաջող է հանդես եկել՝ դառնալով բրոնզե մեդալակիր։ Վճռորոշ գոտեմարտում աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիրը 5:3 հաշվով առավելության է հասել Ուկրաինան ներկայացնող մարզիկի նկատմամբ։
Մինչև 20 տարեկանների 2025 թվականի աշխարհի չեմպիոն Գասպար Տերտերյանը ևս իր առաջին մասնակցությունն է ունեցել մեծահասակների պայքարում և նվաճել է բրոնզե մեդալ։
Վճռորոշ գոտեմարտում 72 կգ քաշային կարգում հանդես եկող հայ ըմբիշը հաղթել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո մրցող Ալեքսանդր Լյավոնչուկին»,- նշված է հաղորդագրության մեջ, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը կարիերայում 5-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: