
ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին հնարավորինս արագ հեռանալ Իրանից՝ մատնանշելով նաև Հայաստանի ուղղությամբ ցամաքային ելքի տարբերակը, հայտնում է Factor.am-ը Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատան վրա հղումով:
Ապրիլի 21-ից Իրանի օդային տարածքը մասամբ վերաբացվել է։ ԱՄՆ քաղաքացիներին հորդորվել է այժմ լքել Իրանը, հետևել տեղական լրատվամիջոցների թարմացումներին և կապ հաստատել առևտրային փոխադրողների հետ՝ երկրից մեկնող չվերթների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալու համար։
Նշվել է, որ Իրանից դուրս գալ ցանկացող ամերիկացիները կարող են օգտվել նաև ցամաքային ուղիներից՝ մեկնելով Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա կամ Թուրքմենստան։ Միաժամանակ զգուշացվել է, որ ԱՄՆ քաղաքացիները չպետք է ուղևորվեն Աֆղանստան, Իրաք կամ Պակիստան-Իրան սահմանային գոտի։
Նշվում է, որ Ագարակ/Նորդուզ անցակետը Հայաստանի հետ բաց է։
Իրանից Հայաստան մուտք գործող ԱՄՆ քաղաքացիները պետք է ունենան վավերական ԱՄՆ անձնագիր և կարող են առանց վիզայի մնալ երկրում մինչև 180 օր։ ԱՄՆ երկքաղաքացիություն ունեցող անձինք, որոնք նախատեսում են մուտք գործել Հայաստան Իրանի կամ Հայաստանի անձնագրով, նախնական հաստատման կարիք չունեն։
Միաժամանակ ընդգծվել է, որ Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ են սովորական երթևեկության համար։
ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր շտապ անհրաժեշտություն ունեն հեռանալու Իրանից, խորհուրդ է տրվել նախ դիտարկել այլ հասանելի տարբերակներ։ Հաղորդվել է, որ Թուրքմենստանի ցամաքային սահմանները նույնպես բաց են, սակայն սահմանին մոտենալուց առաջ անհրաժեշտ է ստանալ թուրքմենական իշխանությունների հատուկ թույլտվությունը։