
World Boxing-ի կազմակերպած Աշխարհի գավաթի շրջանակում Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Բազեյանն ու Արարատ Հարությունյանը պարտություններ են կրել մրցավարական վիճելի որոշումների հետևանքով և դուրս են մնացել հետագա մրցապայքարից, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Տեղի ունեցածը գնահատել է որպես «անտրամաբանական և խիստ անարդար մրցավարություն»։
«Խայտառակ մրցավարություն WORLD BOXING-ի կազմակերպած Աշխարհի գավաթում։ Մրցավարական տրամաբանությունից զուրկ գործողությունների հետևանքով այսօր Արթուր Բազեյանին ու Արարատ Հարությունյանին պարտություն է գրանցվել։ Բազեյանը մրցում էր Փարիզի օլիմպիական փոխչեմպիոն, Ղրղզստանի ներկայացուցիչ Մունարբեկ Ուլուի հետ։
Առաջին ռաունդում մեր բռնցքամարտիկը հաղթեց 5։0 հաշվով, երկրորդում մրցավարները նույն հաշվով հաղթանակը տվեցին մրցակցին։ 3-րդ ռաունդում Բազեյանը նետվեց առաջ ու միավորներ վաստակեց։ Դրվագներից մեկում բախման արդյունքում մրցակցի ունքը վնասվեց։ Ռինգի մրցավարը միանգամից դադարեցրեց մարտը, թեև բժշկական տեսանկյունից չկար նաև դրա կարիքը։ Միևնույն դեպքում, թեև առավեկությունը Բազեյանի կողմն էր, բայց կողային մրցավարները հաղթանակը շնորհեցին Ղրղզստանի ներկայացուցչին։
Անհասկանալի ու անտրամաբանական գործողություններ էին նաև Արարատ Հարությունյանի մենամարտի ժամանակ։ Մեր մարզիկը 2-րդ ու 3-րդ ռաունդներում ուներ նկատելի առավելություն ու մրցակիցն էլ` Ռիկարդո Կուելոն, նկատողություն էր ստացել ռինգի մրցավարի կողմից, բայց մենամարտի ավարտին զարմանալիորեն բարձրացրեցին Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցչի ձեռքը։ Սա խայտառակ մրցավարության հերթական վառ արտացոլումն էր, որի պատճառով մեր երկու ուժեղագույն բռնցքամարտիկները դուրս մնացին պայքարից»,- ասվում է հայտարարությունում։