23 ապրիլի 2026 - 13:07 AMT
«Լուսավոր Հայաստանը» ընտրությունների մասնակցության հայտը ներկայացրել է ԿԸՀ

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել համապատասխան հայտը՝ հաստատելով իր մասնակցությունը առաջիկա ընտրական գործընթացին։ Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս ԿԸՀ-ում կուսակցության ներկայացուցիչը լինելու է Դավիթ Խաժակյանը, թեև նա ընդգրկված չէ նախընտրական ցուցակում, հայտնում է «Փաստինֆոն»:

Խաժակյանը, անդրադառնալով իր դերակատարմանը, նշել է, որ, լինելով կուսակցության առանցքային դեմքերից մեկը, չի դիտարկում դա որպես պարտադիր հանգամանք՝ պատգամավոր դառնալու համար։ Նրա խոսքով՝ իր համար առավել հոգեհարազատ է քաղաքային տնտեսության ոլորտը, և եթե 2021 թվականին քաղաքական նպատակահարմարությունը այլ լիներ, շարունակելու էր գործունեությունն ավագանու կազմում։

«Հիմա էլ պարտադիր չի, որ կուսակցությունում բոլորը հավակնեն պատգամավորի կարգավիճակի։ Կա դերաբաշխում, ես ունեմ իմ համար կարևոր և հոգեհարազատ ոլորտ, և կա դերաբաշխում, մյուսները անցնելու դեպքում՝ մեզ կներկայացնեն խորհրդարանում»,-ասել է նա:

Նա նաև անդրադարձել է կուսակցության ընտրական հնարավորություններին՝ նշելով, որ վերջնական գնահատականը տալու են քաղաքացիները՝ հաշվի առնելով մինչ այժմ կատարված աշխատանքը։

«Մինչ այսօր, ի տարբերություն շատ ուժերի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շատ ակտիվ ներգրավվածություն է ունեցել հանրային քաղաքական կյանքում։ Ամենակարևորը՝ մեզ մոտ 5 տարվա ընթացքում հովհարային անջատումներ չեն գրանցվել»,-ասել է նա:

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: