
ՀՀ-ում ներդրվելիք կենսաչափական անձնագրերի նոր ձևավորումն (դիզայնը) արդեն պատրաստ է և դրանք առաջիկայում կներկայացվեն հանրությանը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում:
«Հատուկ ուշադրություն ենք դարձրել, որ անձնագրերի պատկերները արտացոլեն մեր ծագումնաբանությունը»,- նշել է վարչապետը՝ շեշտելով, որ անձնագիրը պետության այցեքարտն է, հայտնում է Radar Armenia-ն:
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ նախատեսվող փոփոխությունները վերացնելու են այն բոլոր թերություններն ու խնդիրները, որոնք տարիներ շարունակ առկա են եղել անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգում՝ ներառյալ անձնագիր ստանալու գործընթացն ու այլ բաղադրիչներ։
«Ենթադրվում է ՀՀ-ում կենսաչափական նոր համակարգի ներդրում՝ իր բոլոր ենթակառուցվածքներով, բարձր ստանդարտին համապատասխան»,- ասել է նախարարը։
Փաշինյանը ևս կարևորել է իրականացվող օրենսդրական փոփոխությունները՝ ընդգծելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում ինտենսիվ աշխատանք է տարվել այս համակարգի ներդրման ուղղությամբ։
Վարչապետի խոսքով՝ սահմանային անցակետերում ներդրվելու է նաև անհպում անցման հնարավորություն, որը թույլ կտա քաղաքացիներին կենսաչափական անձնագրի սկանավորման միջոցով առանց ֆիզիկական շփման մուտք ու ելք կատարել երկրից։
«Այսինքն՝ քաղաքացին կենսաչափական անձնագիրը սկան է անում և առանց որևէ կոնտակտի ելումուտ է անում ՀՀ»,- ասել է նա՝ հավելելով, որ նման մոտեցումը կարող է կիրառվել նաև այլ երկրներում՝ երկկողմ համաձայնության դեպքում։
ՀՀ քաղաքացիները նոր կենսաչափական անձնագրերը և նույնականացման քարտերը կկարողանան ստանալ այս տարվա աշնանից։ Այդ ժամանակ մեր քաղաքացիները կկարողանան ստանալ ինչպես բիոմետրիկ նոր անձնագրեր, այնպես էլ նույնականացման քարտեր։