23 ապրիլի 2026 - 15:37 AMT
«Անկախ դիտորդը» պահանջում է 15 դրվագով պատասխանատվության եթնարկել Աննա Հակոբյանին

«Անկախ դիտորդ» դաշինքը դիմել է Վարչական դատարան` պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:

Նա նշել է նաև, որ Ջահերով երթի պարագայում, «գուցե, ևս դիմեն ԿԿՀ», քանի որ այն ՀՅԴ կուսակցության միջոցառում է և դրա ֆինանսավորումը ևս պետք է համապատասխանի կուսակցությունների օրենսդրության կարգավորումներին

«3 կարևոր նորություն «Անկախ դիտորդ» դաշինքից

  • Դաշինքը ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել «Իմ քայլը» հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ և դիմում է Վարչական դատարան` պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին:
  • Դաշինքը, որպես ՔՊ-ի քարոզչական միջոցառում է դիտարկում ապրիլի 19-ին Գյումրիի և 23-ին Երևանի համերգները. դրանց ծախսը պետք է կատարվեր Կուսակցությունների մասին օրենքին համապատասխան։ Այնինչ, այդ համերգների ֆինանսավորումը չի տեղավորվում այդ օրենքի սահմանափակումների մեջ։ Մենք դիմում ենք ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` նշվածին իրավական գնահատական տալու պահանջով։
  • Դաշինքը համարում է, որ ապրիլի 23-ի ջահերով երթը ևս հանդիսանում է ՀՅԴ-ի («Հայաստան» դաշինքի) կուսակցության միջոցառում, և դրա ֆինանսավորումը ևս պետք է համապատասխանի կուսակցությունների օրենսդրության կարգավորումներին։ Այս մասով ևս փաստերն ենք ուսումնասիրում, որ, միգուցե, դիմենք ԿԿՀ»,-ասվում է գրառման մեջ:

Նշվել է, որ դաշինքը դիտարկում է նշված միջոցառումները որպես կուսակցական բնույթի և կարևորում է դրանց համապատասխանությունը գործող օրենսդրական պահանջներին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Աննա Հակոբյանի հետ վերամիավորման թեմային, ասել է, որ ջանքեր է գործադրել, որ ընտանիքը վերամիավորվի:

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը փետրվարի 27-ին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանի հետ ամուսնության ավարտի մասին՝ նշելով, որ հեռանում է կառավարական առանձնատնից և վարձով է ապրելու: Նա նշել է, որ մեքենա ու տուն չունի, իսկ որպես նվիրատվություն ստացած զարդերն ու իրերը, ինչպես նաև թանկարժեք հագուստը, թողնում է պետությանը: