
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 23-ին Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ, նրան փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է փոխգործակցության առաջնահերթություններն ու հեռանկարները՝ բարձր գնահատելով պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի, ինչի համատեքստում ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը։
Պապիկյանն այցելել է Վրաստանի Ազգային հերոս Մարիամ (Մարո) Մակաշվիլիի անվան զինվորական վերականգնողական ծառայություն։ Նախարարը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար գործող վերականգնողական մասնագիտական ծառայության պայմաններին և գործունեությանը։