24 հունիսի 2009 - 18:38 AMT
Microsoft-ը կդադարեցնի Windows 7-ի անվճար բաժանումը
Microsoft ընկերությունն օգոստոսի 15-ին իր կայքից կջնջի օպերատիվ համակարգի ռելիզ-թեկնածու Windows 7, հաղորդում են Windows-ի մշակողները: Windows 7-ի ակտիվության ժամկետը կսպառվի 2010թ. հունիսին:

Microsoft-ի ներկայացուցիչներն ընդգծում են, որ Windows 7 բեռնավորած, բայց այն չակտիվացրած օգտվողները կկարողանան անել դա օգոստոսի 15-ից հետո: Ակտիվացման բանալին ստանալու համար նրանք պետք է մտնեն Microsoft կայքի համապատասխան էջը եւ հետեւեն հրահանգներին: Windows 7 Microsoft-ի կայքում ներկայացվել է 2009թ. մայիսի չորսին:

Windows 7 օպերատիվ համակարգի մշակումը սկսվել էր 2000թ. (այն ժամանակ կոչվում էր Blackcomb, իսկ նրա ելքը ծրագրվում էր 2005-ին): Առաջին անգամ այն հրապարակավ ցուցադրվեց 2008թ. հոկտեմբերի 28-ին: Microsoft Windows 7 օպերատիվ համակարգի վաճառքը կսկսվի ընթացիկ տարվա հոկտեմբերի 2-ին: Այդ օրվանից սկսած կարելի է գնել ինչպես ակտիվացված Windows 7-ով համակարգիչներ, այնպես էլ այդ օպերատիվ համակարգի արկղային տարբերակները:

Ինչպես ավելի վաղ PanARMENIAN.net-ին հաղորդել էր Հայաստանում Microsoft-ի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, Windows 7 հայկական տարբերակը դեռեւս պատրաստ չէ, բայց այն անպայման վաճառքում կհայտնվի հաջորդ տարվա ընթացքում: