
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հուսով է, որ Հայաստանը չի միանա Եվրամիության հակառուսական քաղաքականությանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք հույս ունենք, որ մեր հայ դաշնակիցներն ու բարեկամները թույլ չեն տա, որ այսպես կոչված նոր առաքելությունը միջամտի իրենց ներքին գործերին և Երևանին ներքաշի Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի մեջ, որոնք ենթադրում են մեր երկրի հետ բարեկամական կապերի խաթարում և միացում Բրյուսելի հակառուսական քաղաքականությանը»,-ասել է նա ճեպազրույցի ընթացքում։
Եվրոպական խորհուրդը հայտնել է, որ Հայաստանում ԵՄ գործընկերության նոր առաքելությունը (EUPM Armenia) ձևավորվել է Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակում՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության բարձրացմանը և ճգնաժամերը կառավարելու կարողությունների ամրապնդմանը։ Այդ մասին նշվել է Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն՝ առաքելությունն աջակցելու է Հայաստանին բազմաշերտ սպառնալիքների հաղթահարման գործում, որոնց թվում են օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիան և միջամտությունը, կիբերհարձակումները, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերը։