
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ Արցախի խորհրդանիշ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը գտնվում է հիմնահատակ ոչնչացման վտանգի տակ։
Նա նշել է, որ ադրբեջանական պաշտոնական և ոչ պաշտոնական հարթակներում ակտիվորեն շրջանառվում են հայտարարություններ՝ հուշարձանի ամբողջական ոչնչացման վերաբերյալ:
«2023 թվականի սեպտեմբերի 19-ին թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններից և դրան հաջորդած Արցախի ամբողջական բռնազավթումից ու արցախահայության բռնի տեղահանումից ընդամենը օրեր անց՝ սեպտեմբերի 29-ին, ադրբեջանական ուժերը Ստեփանակերտի բռնազավթման օրը հուշարձանի վրա տեղադրել են Ադրբեջանի դրոշը՝ ցուցադրաբար ոտնահարելով դրա պատմամշակութային նշանակությունը։
2024 թվականի նոյեմբերին սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներն ու տեսանյութերը վկայել են նոր վանդալիզմի դեպքերի մասին․ հուշարձանի թե առջևի, թե հետևի հատվածներում արձանագրվել են վնասներ և հայատյաց, վիրավորական գրություններ։ Վնասվել է նաև հուշարձանի շրջակա տարածքը։ Միաժամանակ, ադրբեջանական պաշտոնական և ոչ պաշտոնական հարթակներում ակտիվորեն շրջանառվում են հայտարարություններ՝ հուշարձանի ամբողջական ոչնչացման վերաբերյալ։
Հատկանշական է, որ նման սցենար արդեն կիրառվել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի նկատմամբ, որոնց ավերմանը նախորդել են նույնատիպ քարոզչական հրապարակումներ։ Այս հանգամանքը լուրջ մտահոգություն է առաջացրել, որ «Մե՛նք ենք, մեր սարերը» հուշարձանը կանգնած է նույն ճակատագրի վտանգի առաջ»,-գրել է նա։
Նշվում է, որ հուշարձանի պատմությունը չի սահմանափակվում միայն մշակութային ձեռքբերումներով։ Դեռևս խորհրդային տարիներին այն բախվել է քաղաքական դիմադրության՝ Սովետական Ադրբեջանի ղեկավարության բացահայտ ընդդիմության պայմաններում։
Ավանեսովը նշել է, որ, չնայած այդ ճնշումներին, հուշարձանը կանգնեցվել է՝ դառնալով ոչ միայն արվեստի, այլև դիմադրության խորհրդանիշ։
«Մե՛նք ենք, մեր սարերը» հուշարձանը, որը հայտնի է նաև որպես «Տատիկ-պապիկ» (արևմտահայերեն՝ Մամիկ և Պապիկ), հայկական ինքնության, պատմական հիշողության և մշակութային ժառանգության խորհրդանշական կոթողներից է։ Այն ստեղծվել է 1967 թվականին՝ քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի և ճարտարապետ Յուրի Հակոբյանի կողմից։ Կարմիր տուֆից կերտված, մոտ 9 մետր բարձրությամբ այս հուշարձանը տեղադրված է բլրի գագաթին՝ խորհրդանշելով արցախյան հողի և ժողովրդի միջև անքակտելի, արյունակցական կապը։
Քանդակը ներկայացնում է ավանդական տարազով տարեց արցախցի ամուսինների՝ ուս-ուսի կանգնած, հպարտ ու անսասան կեցվածքով։ Այն չունի պատվանդան, կարծես բխում է հենց հողից՝ մարմնավորելով ժողովրդի խոր արմատներն ու անքակտելի կապը հայրենիքի հետ։ Պատահական չէ, որ այս ստեղծագործությունը միջազգային հարթակներում ևս արժանացել է բարձր գնահատականի՝ ներկայացվելով իտալական Կարարա քաղաքում կազմակերպված հեղինակավոր ցուցահանդեսում և ճանաչվելով որպես համաշխարհային մշակութային արժեք։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ավերել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը: Մինչ այդ ոչնչացվել էր Ստեփանակերտի Սբ Հակոբ եկեղեցին:
«Արցախ» միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ՀՀ իշխանությունից պահանջելով «վերանայել Բաքվին խրախուսող անգործությունը»: Հայտարարությունում անդրադարձ է կատարվել Ստեփանակերտում հայկական եկեղեցիների ոչնչացման դեպքերին՝ որակելով որպես մշակութային ցեղասպանության դրսևորում: