
Աշխատանքային այցով Ֆրանսիայում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է «Հայկական օրեր» մշակութային միջոցառումներին
Ապրիլի 24-ին Ավինյոն քաղաքում նա մասնակցել է «Հայկական օրեր» մշակութային նախաձեռնության շրջանակում կազմակերպված «Հիշողություն, ժառանգություն և ապագա․ մտածել, կերտել և փոխանցել Հայաստանը» խորագրով գիտաժողովի փակման արարողությանը։ Միջոցառման ընթացքում Գլխավոր հանձնակատարը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ շեշտադրելով նման նախաձեռնությունների դերը հայկական ինքնության պահպանման, մշակութային արժեքների փոխանցման և սփյուռքյան համայնքների համախմբման գործում։ Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Ավինյոնի փոխքաղաքապետ Միշել Մք Մանուս-Շուշանան։
Ելույթներին հաջորդել է ընդունելություն, որի ընթացքում Գլխավոր հանձնակատարը շփվել է համայնքային ներկայացուցիչների, տեղական իշխանությունների և միջոցառման մասնակիցների հետ։ Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել Ավինյոնի քաղաքապետարանին՝ հայ համայնքի հետ ձևավորված արդյունավետ համագործակցության համար՝ վստահություն հայտնելով, որ այն շարունակելու է զարգանալ նոր ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով։
Ապրիլի 25-ին Զարեհ Սինանյանը, Ավինյոնի Հայ մշակույթի տան ղեկավար Նելլի Իզողս Մարգարյանի և կառույցի անդամների ուղեկցությամբ, այցելել է քաղաքում տեղադրված հայկական խաչքարի հուշավայր, որտեղ ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Նույն օրը Գլխավոր հանձնակատարը մասնակցել է նաև «Հայկական օրեր» ծրագրի շրջանակում կազմակերպված «Նոր աշուղ» հայկական երաժշտական խմբի համերգին, որին ներկա են եղել Ավինյոնի և հարակից բնակավայրերի հայ համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաև ֆրանսիացի հյուրեր։