
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով Ստեփանակերտի եկեղեցիների ավերմանն ադրբեջանցիների կողմից, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ հարցը կարող է բարձրացվել ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից, սակայն ոչ Հայաստանի։
«Ասենք արեցինք և ի՞նչ, դա ի՞նչ է տալու Հայաստանին ու ՀՀ քաղաքացուն: Իր ինքնիշխան տարածքում ինչ-որ բան է անում»,- ասել է ՔՊ-ականը, գրում է Aysor.am-ը:
Նրա գնահատմամբ՝ եթե Հայաստանը նման ուղղությամբ քայլեր ձեռնարկի, ապա կարող է կրկին ակտիվացնել Ղարաբաղյան շարժումը։
Վերջին օրերին Ստեփանակերտում մեկը մյուսի հետևից հիմնահատակ ավերվել են երկու եկեղեցիներ՝ Սուրբ Հակոբ եկեղեցին և քաղաքի գլխավոր սրբավայրը՝ Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարը։
Փաշինյանը Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր տաճարի ավերման մասին ասել է․ «Մեր նախորդ փորձը հաշվի առնելով՝ չեմ կարծում, թե դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկումների առարկա։ Սա մի իրավիճակ է, որը մենք պետք է ամբողջությամբ և ամբողջական հասկանանք»:
Գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը պաշտոնական դիմում է հղել ԱՄՆ նախագահին, Սենատի և Կոնգրեսի անդամներին, Հռոմի պապին, ինչպես նաև միջազգային և եկեղեցական ազդեցիկ կառույցների ղեկավարներին՝ բարձրացնելով Արցախի տարածքներում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության ոչնչացման խնդիրը: