28 ապրիլի 2026 - 14:46 AMT
«Մենք ենք մեր սարերը» դիմել է միջազգային կառույցներին Արցախի մշակութային ժառանգությունը փրկելու կոչով

«Մենք ենք մեր սարերը», անդրադառնալով Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոչնչացման, վանդալիզմի և յուրացման փորձերին, դիմել է միջազգային կառույցներին Արցախի մշակութային ժառանգությունը փրկելու կոչով:

«Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացման փաստերը, Սուրբ Աստվածամոր տաճարի քանդման մասին հաղորդումները, ինչպես նաև սրբավայրերի, գերեզմանոցների, հուշարձանների և հայկական ինքնության տեսանելի նշանների նկատմամբ արձանագրված վանդալիզմի դեպքերը վկայում են ոչ թե առանձին միջադեպերի, այլ վտանգավոր և հետևողական քաղաքականության մասին։

Այս համատեքստում հատկապես մտահոգիչ է վերջին օրերին ադրբեջանական տեղեկատվական դաշտում ակտիվացած վտանգավոր հռետորաբանությունը՝ ուղղված Արցախի խորհրդանիշներից մեկի՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի ոչնչացմանը, խեղմանը կամ վերաիմաստավորմանը։ Ստեփանակերտում հայկական ժառանգության ոչնչացման վերջին փաստերն այս վտանգը դարձնում են իրական և հրատապ։

Մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումն ու այդկերպ բնիկ ժողովրդի հետքն իր հայրենիքից մաքրելը պարունակում են ցեղասպանության հանցակազմի հատկանիշներ և պետք է դիտարկվեն ոչ միայն որպես մշակութային վանդալիզմ, այլև որպես ինքնության, հիշողության և պատմական իրավունքի դեմ ուղղված հանցավոր քաղաքականություն։

Կոչ ենք անում միջազգային մշակութային, իրավապաշտպան և դիվանագիտական կառույցներին, առաջնահերթորեն՝ UNESCO-ին և ICOMOS-ին, հրատապ և գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հայկական ժառանգության հերթական անդառնալի կորուստը։ Անհրաժեշտ է ապահովել անկախ մշտադիտարկում, փաստագրում և միջազգային հասանելիություն՝ Արցախի մշակութային ու հոգևոր ժառանգության ներկա վիճակը գնահատելու համար»«-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ միջազգային հանրության լռությունն ու անգործությունն արդեն իսկ հանգեցրել են ծանրագույն հետևանքների՝ «Արցախի հայաթափմանը, օկուպացմանը և հայկական պատմամշակութային ներկայության շարունակական ոչնչացմանը»։

«Այսօր այդ նույն անգործությունը կարող է դառնալ հերթական անդառնալի կորստի պատճառ»,-ասվում է հայտարարության մեջ:

Վերջին շրջանում Ստեփանակերտում մեկը մյուսի հետևից հիմնահատակ ավերվել են երկու եկեղեցիներ՝ Սուրբ Հակոբ եկեղեցին և քաղաքի գլխավոր սրբավայրը՝ Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարը։

Փաշինյանը Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր տաճարի ավերման մասին ասել է․ «Մեր նախորդ փորձը հաշվի առնելով՝ չեմ կարծում, թե դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկումների առարկա։ Սա մի իրավիճակ է, որը մենք պետք է ամբողջությամբ և ամբողջական հասկանանք»:

Գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը պաշտոնական դիմում է հղել ԱՄՆ նախագահին, Սենատի և Կոնգրեսի անդամներին, Հռոմի պապին, ինչպես նաև միջազգային և եկեղեցական ազդեցիկ կառույցների ղեկավարներին՝ բարձրացնելով Արցախի տարածքներում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության ոչնչացման խնդիրը: