
Մատենադարանում մեկնարկել է «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով 15-րդ միջազգային հոբելյանական սեմինարը՝ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ։
ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ընդգծել է համատեղ աշխատանքի կարևորությունը մշակութային ժառանգության պահպանման գործում։
«Եվրոպական միությունը հպարտ է աջակցել Հայաստանին՝ պահպանելու հարուստ մշակութային ժառանգությունը։ Մեծ պատիվ է լինել Մատենադարանի գործընկերն այս կարևոր աշխատանքում։ Ուրախ ենք միանալ այս նախաձեռնությանը՝ միջազգային ջանքերը կենտրոնացնելու ձեռագրային և տպագիր ժառանգության պահպանման ուղղությամբ»,- նշել է նա։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ սեմինարը ձևավորվել է որպես զարգացող հարթակ՝ միավորելով մոտ 40 երկրի ավելի քան 140 կառույց։
«Գրավոր ժառանգության պահպանմամբ զբաղվող կարևորագույն կառույցներն այս կամ այն կերպ առնչվել կամ մասնակցել են սեմինարին։ Սա փաստում է՝ սեմինարը դարձել է հարթակ, որտեղ մենք վարում ենք ամենակարևոր խոսակցությունները գրավոր ժառանգության պահպանման և վերականգնման ուղղությամբ»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ սեմինարի օրակարգը բազմաշերտ է՝ հնարավորություն տալով մասնագետներին քննարկել խնդիրներ և գտնել լուծումներ։ Անդրեասյանը կարևորել է գրավոր ժառանգության պահպանումը՝ այն դիտարկելով ոչ միայն հիշողության փոխանցման, այլև դրա ճանաչման և վերաիմաստավորման տեսանկյունից։
«Մենք կարիք ունենք մեր գրավոր ժառանգությանն առնչվող պատմություններն ավելի խորությամբ և բազմաշերտորեն ճանաչելու։ Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է տալիս՝ ապահովելու գրավոր ժառանգության ուսումնասիրությունն ու հասանելիությունը թվային միջավայրում՝ այն դարձնելով հանրային հիշողության մաս»,- ընդգծել է նա՝ նշելով, որ Մատենադարանը դարձել է միջազգային կարևոր հարթակ։
Արա Խզմալյանը նշել է, որ սեմինարին մասնակցում է 145 միջազգային կառույց՝ վերականգնման կենտրոններ, գրադարաններ, թանգարաններ և արխիվներ։
«Սեմինարի թեմատիկ ընդգրկումը նույնպես լայն է՝ սկսած գրավոր ժառանգության ֆիզիկական և կենսաքիմիական խնդիրներից մինչև թվայնացում, լազերային վերականգնում և բարձր տեխնոլոգիաների կիրառում։ Այս ամենը կարելի է ամփոփել մեկ գաղափարով՝ միասնական պատասխանատվություն միջազգային գրավոր ժառանգության հանդեպ։ Պետք է գիտակցենք, որ հիշողությունը միայն գրերի ֆիզիկական ներկայությունը չէ, այլ դրանց թիկունքում կանգնած մարդկային կենսագրությունը։ Ձեռագրերը պատմության մատնահետքերն են, իսկ Մատենադարանի ձեռագրերում այդ հետքերն ունեն շոշափելի կոնկրետություն»,- նշել է նա։
Միջոցառման շրջանակում Ժաննա Անդրեասյանը նախարարության մեդալով պարգևատրել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի մասնագետ Թամարա Օհանյանին՝ սեմինարին երկարամյա մասնակցության համար։
Բացի այդ, իրականացվել է «Հայկական մանրանկարչական արվեստ» նամականիշի մարման արարողությունը, ինչպես նաև բացվել է Մատենադարանի արաբատառ ձեռագրերի ուսումնասիրման և վերականգնման լաբորատորիան։