29 ապրիլի 2026 - 11:05 AMT
Ադրբեջանցիները վնասել են Մարտունիի եկեղեցու գմբեթի խաչը

Ադրբեջանցիները վնասել են Արցախի Մարտունի քաղաքում գտնվող Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը, ինչը պարզ է դարձել ադրբեջանցիների կողմից հրապարակված տեսանյութից:

Տեղեկությունը նաև հաստատվել է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկմամբ զբաղվող Հովիկ Ավանեսովի կողմից։

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի շրջանակում դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 30-ին ներկայացվել է եկեղեցու պարբերական վնասումների մասին տվյալներ, մասնավորապես՝ պատուհանների կոտրման և կառույցի վրա առկա կրակահերթերի հետքերի վերաբերյալ, հայտնում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնողկայքը:

Եկեղեցին տեղակայված է Մարտունի քաղաքի Ազատամարտիկների և Լեոնարդ Պետրոսյան փողոցների հյուսիս-արևմտյան հատվածում։ Շինությունը ունի խաչաձև կառուցվածք․ չորս սյուների վրա բարձրացած է քառանկյուն հիմքով և բրգաձև ծածկով գմբեթը, որի գագաթին տեղադրված է եղել խաչը։

Նշվում է, որ Հաագայի 1954 թվականի կոնվենցիան, որը նաև մյուս միջազգային պայմանագրերի հիմքն է, իր առաջին հոդվածով սահմանում է, որ մշակութային արժեքը, «անկախ իր ծագումից կամ սեփականատիրոջից, յուրաքանչյուր ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է»։

Բացի դա, հուշարձանի բացահայտ աղավաղումը խախտում է նաև Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, որի համաձայն «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում են հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։ Հավելվել է նաև, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցված վնասը հարված է ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանի որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր ներդրումը համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։

«Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչի հեռացումը և դրա դիտավորյալ վնասումը ներկայացվել է որպես կառույցի ամբողջականության կոպիտ խախտում։ Ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագիտական 36-րդ հանդիպման սահմանման՝ ամբողջականությունը ժառանգության այն հատկությունն է, որի միջոցով ապահովվում և ժամանակի ընթացքում պահպանվում է դրա նշանակությունն ու կարևորությունը։

Համաձայն «Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի իրականացման գործառնական ուղեցույցի» 88-րդ պարագրաֆի՝ ամբողջականությունը (Integrity) հանդիսանում է ժառանգության բնական և կամ մշակութային արժեքների ու դրանց հատկանիշների անխաթարության չափանիշը։ Սա նշանակում է, որ հուշարձանը պետք է ներառի բոլոր այն բաղադրիչները, որոնք անհրաժեշտ են դրա բացառիկ համամարդկային արժեքը արտահայտելու և պահպանելու համար։

Նույն ուղեցույցի 89-րդ պարագրաֆը հստակեցրել է, որ մշակութային ժառանգության դեպքում օբյեկտի ֆիզիկական հատկանիշները պետք է պահպանված լինեն լավ վիճակում և չփոփոխված։ Տվյալ իրավիճակում խաչը համարվել է սրբազան կառույցի խորհրդանշական և ճարտարապետական ամբողջականությունը լրացնող առանցքային տարր, որի հեռացումը կամ բացակայությունը աղավաղում է հուշարձանի մշակութային և կրոնական նշանակությունը։

Բացի այդ, ուղեցույցի 82-րդ պարագրաֆը սահմանել է, որ ժառանգության պահպանվածությունը լիարժեք է համարվում միայն այն դեպքում, երբ այն համապատասխանում է իսկության և ամբողջականության պահանջներին։ Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու նկատմամբ իրականացված գործողությունները, որոնք հանգեցրել են դրա պատմականորեն ձևավորված տեսքի փոփոխությանը, հակասել են միջազգային պահպանության սկզբունքներին՝ հանգեցնելով պատմական միջավայրի և հոգևոր արժեքների կորստի»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Վերջին շրջանում Ստեփանակերտում մեկը մյուսի հետևից հիմնահատակ ավերվել են երկու եկեղեցիներ՝ Սուրբ Հակոբ եկեղեցին և քաղաքի գլխավոր սրբավայրը՝ Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարը։

Փաշինյանը Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր տաճարի ավերման մասին ասել է․ «Մեր նախորդ փորձը հաշվի առնելով՝ չեմ կարծում, թե դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկումների առարկա։ Սա մի իրավիճակ է, որը մենք պետք է ամբողջությամբ և ամբողջական հասկանանք»:

Գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը պաշտոնական դիմում է հղել ԱՄՆ նախագահին, Սենատի և Կոնգրեսի անդամներին, Հռոմի պապին, ինչպես նաև միջազգային և եկեղեցական ազդեցիկ կառույցների ղեկավարներին՝ բարձրացնելով Արցախի տարածքներում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության ոչնչացման խնդիրը: