
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին պետական այցի շրջանակում կայեցելի Գյումրի և ներկա կլինի մեծ համերգի, ինչը հայտնի է դառնում կառավարության նիստին ներկայացված նախագծերից։
Գործադիրը համերգի կազմակերպման համար կհատկացնի մոտ 393 մլն դրամ՝ ավելի քան 1 միլիոն դոլար, հայտնում է «Ազատությունը»:
«Մայիսի 5-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում նախատեսվում է կազմակերպել մեծ համերգ՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը և մշակութային համագործակցության խորացմանը: Համերգային ծրագրում կհնչեն հայկական և ֆրանսիական թեմատիկ երգեր, որոնք կներկայացնեն հայ և ֆրանսիացի անվանի արտիստներ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի նվագակցությամբ»,- նշված է որոշման նախագծում։
Միջոցառման անցկացման վայր է ընտրվել Գյումրին, քանի որ կառավարության գնահատմամբ քաղաքում բարձր է հետաքրքրությունն ու սերը ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի նկատմամբ։ Այս հանգամանքը պայմանավորված է 1988 թվականի երկրաշարժից հետո քաղաքի վերականգնման գործընթացում Ֆրանսիայի ժողովրդի և կառավարության ցուցաբերած աջակցությամբ։