
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել է Կովկասի մահմեդականների վարչության հայտարարությունը, որով փորձ է արվում արդարացնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը, մասնավորապես՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու հիմնահատակ ավերումը։
Մայր Աթոռը նաև կոչ է արել միջազգային կառույցներին գործուն քայլեր ձեռնարկել «կասեցնելու Ադրբեջանի> կողմից հայկական մշակույթի ոչնչացման ծրագրված քաղաքականությունը»:
«Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ։ Արցախի անկախության շրջանում կառուցված եկեղեցիները «ապօրինի շինություն» որակելը մերժելի է և այդ պատճառաբանությամբ սրբավայրերը կործանելը, հողին հավասարեցնելը կրոնական ու մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային սկզբունքների բացահայտ ոտնահարում է և մշակութային եղեռնագործություն։
Բացահայտ անհիմն և ստահոդ է Կովկասի մուսուլմանների վարչության մեղադրանքը Հայոց եկեղեցու հասցեին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը խոչընդոտելու վերաբերյալ։ Խաղաղությունը խոչընդոտվում է պատմական ճշմարտության կեղծմամբ, բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների ոտնահարմամբ, Արցախի հայկական ժառանգության յուրացմամբ և հայկական հետքի հետևողական վերացմամբ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում միջազգային կրոնական և իրավապաշտպան կազմակերպություններին, մշակութային ժառանգության պաշտպանության բոլոր պատասխանատու կառույցներին գործուն քայլեր ձեռնարկել կասեցնելու Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի ոչնչացման ծրագրված քաղաքականությունը»,- ասվում է Մայր Աթոռի հայտարարության մեջ։
Վերջին շրջանում Ստեփանակերտում մեկը մյուսի հետևից հիմնահատակ ավերվել են երկու եկեղեցիներ՝ Սուրբ Հակոբ եկեղեցին և քաղաքի գլխավոր սրբավայրը՝ Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարը։
Փաշինյանը Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր տաճարի ավերման մասին ասել է․ «Մեր նախորդ փորձը հաշվի առնելով՝ չեմ կարծում, թե դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկումների առարկա։ Սա մի իրավիճակ է, որը մենք պետք է ամբողջությամբ և ամբողջական հասկանանք»:
Գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը պաշտոնական դիմում է հղել ԱՄՆ նախագահին, Սենատի և Կոնգրեսի անդամներին, Հռոմի պապին, ինչպես նաև միջազգային և եկեղեցական ազդեցիկ կառույցների ղեկավարներին՝ բարձրացնելով Արցախի տարածքներում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության ոչնչացման խնդիրը: