6 մայիսի 2026 - 12:55 AMT
ԱՀԾ պետը՝ «սեպտեմբերին պատերшզմ լինելու» Փաշինյանի խոսքերի մասին․ «Շատ տրամաբանական բան է ասել»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ տրամաբանական բան է ասել, հայտարարել է Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին։

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ եթե առաջիկա ընտրություններում ՔՊ-ն չստանա սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին աղետաբեր պատերազմ է լինելու, հայտնում է Panorama.am-ը:

Պատգամավորը հարցրել է. «Արդյո՞ք այս հայտարարությունն արտաքին հետախուզության ծառայության որոշակի տվյալների հիման վրա էր արված, թե՞ տեղյակ չեն եղել այդ հայտարարությունից, եթե ոչ՝ արդյո՞ք փորձել են հասկանալ, թե ինչ հիմքով է նման հայտարարություն արվել, փորձե՞լ են օպերատիվ-հետախուզական որոշակի տվյալներ ստանալ նման հայտարարությունը ճշտելու կամ փաստն արձանագրելու համար, ո՞րն է այն երկիրը, որ այդ պատերազմը պետք է սկսի մեր դեմ»։

Գրիգորյանը փորձել է բացատրել Փաշինյանի ասածը. «Եթե նախընտրական փուլում քաղաքական մրցակցող ուժերը հարցականի տակ են դնում խաղաղության ճարտարապետության հիմնաքարերը, դա ենթադրում է, որ խաղաղությունը հաջորդիվ փլուզվելու է։ Վարչապետի ասածն այս տրամաբանությունն ունի»։

Կյուրեղյանն արձագանքել է. «Փաստվեց, որ ծառայությունը որևէ նման տվյալ չունի, ընդամենը վարչապետի քաղաքական հայտարարություն էր։ Մենք գիտենք, որ հայտարարությունն արվում են այն պահին այնպես, ինչպես իրենց ձեռք է տալիս և դա որևէ տրամաբանական հիմք չունի»։

ԱԺ փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը հարցրել է. «Եթե «Հայաստան» դաշինքը կամ մեկ այլ ուժ, որ «Հայաստան» դաշինքի նման կամ դաշինքի հետ դաշնակցող, տեսականորեն գա իշխանության և որպես Հայաստանի արտաքին քաղաքականություն որդեգրի այն, ինչ ասում են հիմա, պատերազմի հավականությունը կմեծանա՞, թե կփոքրանա, թե կմնա նույնը:

Գրիգորյանը պատասխանել է. «Կմեծանա։ Այդ հայտարարությունները խոսում են խաղաղության ճարտարապետությունը քանդելու ու կոնֆլիկտին վերադառնալու մասին, դրանից բխող բոլոր հետևանքներով, այդ թվում նաև հարձակման սպառնալիքով»։

Գրիգորյանն ԱԺ–ում ներկայացնում է «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի փոփոխությունները: