
Միայն Հայաստանի ժողովուրդը կարող է որոշել իր ապագան և ընտրել եվրաինտեգրման ուղին, հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Բրյուսելում՝ ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ՝ արձագանքելով Հայաստանի և նրա եվրոպական ընտրության վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին։
«Միայն Հայաստանի ժողովուրդը կարող է որոշել իր ապագան։ Եվրոպական քաղաքական համայնքի վերջին հանդիպումը, ինչպես նաև ԵՄ-ի և Հայաստանի գագաթնաժողովը ցույց տվեցին, թե ինչպիսի ճանապարհով են նրանք ուզում գնալ: Եվ Եվրոպան կաջակցի նրանց»,- ասել է Կոսը, գրում է
Նա նաև նշել է, որ Եվրամիությունում տեղյակ են տարածաշրջանում առկա «աշխարհաքաղաքական դինամիկայի» մասին և շարունակելու են «շատ ուշադիր» հետևել իրավիճակին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիների համար ճիշտ կլինի, եթե Երևանը հստակեցնի իր դիրքորոշումը Եվրամիությանն անդամակցելու հարցում։
Պուտինը հայտարարել է, որ Եվրամիությանը միանալու Հայաստանի ծրագրերն «առանձնահատուկ քննարկում են պահանջում»։
«Օրինակ՝ կարելի է հանրաքվե անցկացնել։ Դա մեր գործը չէ, բայց, սկզբունքորեն, միանգամայն տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել և հարցնել Հայաստանի քաղաքացիներին, թե որն է լինելու նրանց ընտրությունը։ Դրան համապատասխան՝ մենք էլ հետևություններ կանեինք և կգնայինք մեղմ, քաղաքակիրթ և փոխշահավետ «բաժանման» ճանապարհով։ Ի վերջո, հասկանո՞ւմ եք, մենք հիմա ապրում ենք այն ամենը, ինչ կատարվում էր ուկրաինական ուղղությամբ։ Իսկ ինչի՞ց սկսվեց ամեն ինչ։ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելուց կամ անդամակցելու փորձից»,- ասել է նա: