11 մայիսի 2026 - 17:44 AMT
Կիևի «Սուրբ Սոֆիա» տաճարում հայալեզու աուդիոէքսկուրսիաներ կանցկացվեն

Ուկրաինայի խոշորագույն թանգարանային համալիրներից մեկը՝ Կիևի «Սուրբ Սոֆիա» ազգային արգելոցը, գործարկել է պաշտոնական հայալեզու աուդիոէքսկուրսիա, հայտնում է AnalitikaUA-ն։

Տաճարի հարուստ պատմությանը, հնագույն որմնանկարներին և խճանկարներին հայերենով ծանոթանալու համար կգործի 2 տարբերակ՝ առցանց աշխարհի ցանկացած կետից թանգարանի պաշտոնական կայքի միջոցով, ինչպես նաև տեղում՝ տարածքում տեղադրված հատուկ QR կոդերը սկանավորելով։

Նշվում է, որ սա հիանալի հնարավորություն է ինչպես Ուկրաինայի հայ համայնքի, այնպես էլ աշխարհի հայերի համար՝ մայրենի լեզվով բացահայտելու Արևելյան Եվրոպայի կարևորագույն սրբավայրերից մեկի պատմությունը:

Նշվում է նաև, որ տաճարի պատերին մինչ օրս պահպանվել են «հայալեզու հնագույն գրաֆիտի-արձանագրություններ»:

«Աննա Բյուզանդացին, ով սերում էր հայկական ծագում ունեցող Մակեդոնական դինաստիայից, առանցքային դեր է ունեցել Կիևյան Ռուսիայի մկրտության և մշակութային զարգացման գործում: Ամուսնանալով իշխան Վլադիմիր Մեծի հետ՝ նա Կիև է բերել բյուզանդական և հայկական ճարտարապետական ու արվեստի ավանդույթները։ Նրա շնորհիվ Կիև ժամանած վարպետները մեծ ազդեցություն են ունեցել տեղական ճարտարապետության վրա:

Տաճարի պատերին պահպանված հնագույն հայերեն արձանագրությունները (գրաֆիտի) և դեկորատիվ տարրերը վկայում են հայկական մշակութային ներկայության և խորը հետքի մասին:

Այս կապի ժամանակակից խորհրդանիշն է դարձել նաև Ուկրաինայի հայերի միության կողմից տաճարին նվիրաբերված և 2018 թվականին օրհնված հայկական խաչքարը»,-ասվում է հրապարակման մեջ: