
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը բազմակողմ հարթակ է, որտեղ մարդիկ արտահայտվում են, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Երևանում Ռուսաստանի հասցեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնչեցրած հայտարարություններին և դրանց վերաբերյալ ՌԴ արձագանքին։
«Ես չեմ կարծում, որ հյուրընկալող երկրի ղեկավարի կարգավիճակով պետք է գրաքննեմ կամ ամեն ինչին պարտադիր արձագանքեմ։ Դա բազմակողմ հարթակ է, և բազմակողմ հարթակում մարդիկ արտահայտվում են։ Եղել է նաև, որ իմ ներկայությամբ ՌԴ նախագահը հայտարարություններ է արել տարբեր երկրների վերաբերյալ, և չեմ հիշում, որ ՌԴ-ն ինձնից ակնկալեր, որ արձագանքեի դրանց․․․Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացման վայրը կապ չունի, դա ինչքան իմ միջոցառումն է, այնքան մեր մյուս գործընկերների միջոցառումն է»,- ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն:
Ըստ վարչապետի, ՀՀ-ն չի հավակնում համաշխարհային բոլոր գործերին խառնվել
«Մենք փոքր երկիր ենք՝ մեր օրակարգով, մեր օրակարգերի շրջանակն ունենք, և միշտ չէ, որ համարում ենք՝ գլոբալ հարցերի շուրջ առաջ ընկել ու հայտարարություններ անելը ճիշտ է։ Այսինքն, մե՞նք պետք է ՌԴ և Ուկրաինայի հարաբերությունները կարգավորենք։ Մենք մեր համեստ դերկատարումն ունենք, որ նպաստենք համաշխարհային կայունությանն ու խաղաղությանը, բայց՝ մեր մասով»,-ասել է նա:
Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման ընթացքում Զելենսկին հայտարարել է, թե «ուկրաինական դրոնները կարող են անցնել շքերթի վրայով»՝ անդրադառնալով տեղեկությանը, համաձայն որի Մայիսի 9-ի շքերթը Մոսկվայում նախատեսվում է անցկացնել առանց ծանր ռազմական տեխնիկայի։
ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ՝ Երևանւմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթի պատճառով:
«Դեսպանին կտրականապես ասվել է, որ անընդունելի էր Երևանում ԵՄ հովանու ներքո անցած միջոցառումների ժամանակ Կիևի նացիստական ռեժիմի պարագլուխ Զելենսկուն Ռուսաստանի դեմ ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար «ամբիոն» տրամադրելը»,-ասվում է հայտարարության մեջ: