11 մայիսի 2026 - 18:47 AMT
Թանգարանների գիշերը` մայիսի 16-ին

Թանգարանների միջազգային օրը յուրաքանչյուր տարի նշվում է մայիսի 18-ին։ Այս տարվա խորագիրն է՝ «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը», որով ընդգծվել է թանգարանների կարևոր դերը որպես մշակութային երկխոսության, փոխըմբռնման և համամարդկային արժեքների պահպանման ու փոխանցման հարթակներ։

Թանգարանների միջազգային օրվա շրջանակում մայիսի 16-ին անցկացվելու է նաև ամենասպասված մշակութային միջոցառումներից մեկը՝ «Թանգարանների գիշերը»։ Այդ օրը Հայաստանի բազմաթիվ թանգարաններ մինչև ուշ գիշեր բացելու են իրենց դռները այցելուների առաջ՝ ներկայացնելով հատուկ մշակութային ծրագրեր։ Այցելուները հնարավորություն են ունենալու նոր ձևաչափով ծանոթանալու թանգարանային հավաքածուներին, մասնակցելու ինտերակտիվ միջոցառումների և վայելելու մշակութային հարուստ միջավայրը։

Միջազգային նախաձեռնությանը միացած Հայաստանի թանգարանները կազմակերպելու են բազմաբովանդակ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, կրթական ծրագրեր, վարպետաց դասեր, հանրային քննարկումներ և հատուկ այցելություններ տարբեր տարիքային խմբերի ու հետաքրքրությունների շրջանակ ունեցող այցելուների համար։

Նախաձեռնության նպատակն է մեծացնել հանրության հետաքրքրությունը մշակութային ժառանգության նկատմամբ, ամրապնդել թանգարանների և հասարակության միջև կապը, ինչպես նաև ընդգծել մշակույթի դերը համերաշխ և միասնական հասարակություն ձևավորելու գործում։

Մայիսի 16-ին ծրագրին միացած թանգարաններn անվճար ընդունելու են այցելուներին ժամը 11:00-ից մինչև 24:00-ն, իսկ մայիսի 18-ին՝ հիմնական աշխատանքային ժամերին համապատասխան։

Թանգարանների միջազգային օրը սահմանվել է 1977 թվականին Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) կողմից՝ նպատակ ունենալով համախմբել թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ և բարձրացնել հանրային իրազեկվածությունը թանգարանների կարևոր դերակատարման վերաբերյալ։ «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ, ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ։ Հայաստանը ծրագրին միացել է 2005 թվականից։