
Ազգային ժողովը մայիսի 11-ին հրավիրված արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության ներկայացրած ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագիծը ներկայացրել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։
Նախագծով հստակեցվում են 27-ից 37 տարեկան հասակում կրճատ ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնող անձանց արձակուրդի ժամկետները՝ մեկ տարի կամ վեց ամիս ծառայություն անցնողներին կտրամադրվի 10 օրացուցային օր արձակուրդ, իսկ մեկամսյա ծառայության դեպքում արձակուրդ չի նախատեսվում, հայտնում է Radar Armenia-ն:
Նախագծով առաջարկվում է ուսումնական և ընտանեկան հանգամանքներով տարկետում տրամադրելու լիազորությունը վերապահել զինվորական կոմիսարիատներին՝ դադարեցնելով մարզային զորակոչային հանձնաժողովների այդ իրավասությունը։
«Պաշտպան հայրենյացե ծրագրով պայմանագրային ծառայություն անցնող զինծառայողների համար սահմանվում է պայմանագրի դադարեցման նոր հիմք՝ մեկ տարվա ընթացքում հինգ կարգապահական տույժ ստանալու դեպքը: Փոփոխություններով հստակեցվում են նաև սպայական պաշտոնների նշանակման, պայմանագրային ծառայության ընդունման և ծառայությունից արձակման կարգավորումները։
Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած և սպայական պաշտոնների նշանակված զինծառայողների պետական աջակցությամբ հիպոտեկային վարկավորման ծրագրում նախատեսվում է նոր հնարավորություն՝ հատկացվող գումարի և ձեռք բերվող բնակարանի արժեքի դրական տարբերության դեպքում գումարը կարող է ուղղվել բնակարանի վերանորոգմանը»,- նշել է փոխնախարարը։
Արման Սարգսյանի խոսքով՝ փոփոխություններ են նախատեսվել նաև «Պաշտպանության մասին» և «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքներում։ Պաշտպանության նախարարի իրավասությանը վերապահվելու են զինված ուժերի և զորամասերի մարտական դրոշների, տարբերանշանների, համազգեստի և դրանց կրման կանոնների հաստատման հարցերը։ Միաժամանակ հանվելու է կին զինծառայողներին օրվա վերակարգում ներգրավելու արգելքը։
Առանձին կարգավորմամբ անդրադարձ է կատարվել նաև 27-37 տարեկան այն անձանց խնդրին, որոնք ստացել են Հայաստանի քաղաքացիություն, սակայն զինվորական ծառայություն չեն անցել։ Արման Սարգսյանի խոսքով՝ գործող կարգավորումները խնդիրներ են ստեղծել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար, քանի որ շատ դեպքերում չեն պահպանվել ծառայություն անցնելու վերաբերյալ փաստաթղթերը։ Առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն վերացնել այդ դժվարությունները և հստակեցնել գործընթացը։
Զեկուցողի գնահատմամբ՝ նախագծում ներառված փոփոխությունները հիմնականում լավարկող և տեխնիկական բնույթ են կրում։ Օրենքների փաթեթը նախապես քննարկվել է Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում։
Խորհրդարանն օրենքների նախագծերի փաթեթն ընդունել է առաջին ընթերցմամբ։
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է նաև պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվել են առավել խիստ պատիժներ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար։
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը կարևորել է նախագծի ընդունումը։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը նշել է, որ Կառավարությունն առաջարկել է փոփոխություններ կատարել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում՝ 172.3-րդ և 183-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների գործերի քննության և որոշումների կայացման իրավասությունը վերապահելով Ոստիկանությանը։