25 հունիսի 2009 - 15:31 AMT
Հունվար-մարտ ամիսներին ներգաղթողների մեծ հոսք դեպի Հայաստան չի գրանցվել
Հունվար-մարտ ամիսներին ներգաղթողների մեծ հոսք դեպի Հայաստան չի գրանցվել, Երեւանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է հայտարարել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիայի գործակալության պետ Գագիկ Եգանյանը: «Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ, մասնավորապես, Ռուսաստանի, քանի որ մեր քաղաքացիների մեծ մասն հենց այնտեղ է բնակվում, այն ուղղությամբ, որ եթե իրավիճակը վատթարանա, կարողանանք վերահսկել այն եւ աջակցել միգրանտներին»,-ասել է նա: Եգանյանը նշել է, որ վերջերս հանդիպում է տեղի ունեցել ՌԴ միգրացիոն ծառայության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են միգրանտներին աջակցության հարցերը, քանի որ ՌԴ-ն շահագրգռված չէ զրկվել բարձրորակ մասնագետներից, որոնք արդեն ինտեգրվել են Ռուսաստանի հասարակությանը:
Համաշխարհային ճգնաժամը չէր կարող չանդրադառնալ միգրացիայի վրա, սակայն միգրացիայի գործակալության պետը կիսում է այն լավատեսական կանխատեսումներն, որոնց համաձայն «համաշխարհային տնտեսությունն աստիճանաբար դուրս է գալիս խորը փոսից», այդ թվում նաեւ ՌԴ-ի տնտեսությունը, որտեղ շուրջ 94 տոկոս հայ միգրանտներ կան: Այդ առնչությամբ նա նշել է, որ ներգաղթողների մեծ հոսք դեպի Հայաստան չի գրանցվել: Բացի այդ, Եգանյանը նշել է, որն ըստ գործակալության կանխատեսումների, այն քաղաքացիների մի մասը (60 000-70 000), որոնք սովորաբար գարնանը մեկնում են սեզոնային աշխատանքների, մնացել է հանրապետությունում եւ նրանց մեծ մասը կհամալրի գործազուրկների շարքերը: