
Մեծ Բրիտանիան մայիսի 11-ին հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի կիրառման մասին՝ այն բնութագրելով որպես Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո ամենախիստ սահմանափակումներից մեկը։
Լոնդոնը նույն օրը սահմանափակումներ է կիրառել ևս 56 անձի և կառույցի նկատմամբ՝ Ուկրաինայի ապակայունացման գործում նրանց դերակատարման համար։ Բրիտանական կողմը նշել է, որ այս քայլերը պատասխան են Մոսկվայի «թշնամական գործողություններին», այդ թվում՝ Հայաստանում միջամտության փորձերին, հայտնում է Factor.am-ը:
Պատժամիջոցների ցանկում ընդգրկվել է նաև «Սոցիալական նախագծման գործակալություն» (SDA) կազմակերպությունը։ Ըստ հայտարարության՝ այն իրականացրել է արշավներ, որոնք, գրեթե անկասկած, կազմակերպվել են Ռուսաստանի նախագահի վարչակազմի հանձնարարությամբ։ Դրանց թվում նշվել են Հայաստանում ռուսամետ կառույցների ստեղծման և իշխանափոխության վրա ազդելու փորձերը՝ ռուսամետ գործիչների օգտին։
Նշվել է նաև, որ Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող SDA-ն իր գործընկեր Structura կազմակերպության հետ միասին փորձել է իրականացնել միջամտության մի շարք գործողություններ, որոնք ուղղված են եղել ժողովրդավարական գործընթացների խաթարմանը և Ուկրաինային տրամադրվող միջազգային աջակցության թուլացմանը։
Պատժամիջոցների փաթեթում ներառված «Դիալոգ»-ն էլ որակվում է որպես Ռուսաստանի կառավարությանը կից կազմակերպություն, այդ թվում՝ Կրեմլի կողմից Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայում բովանդակության կենտրոններ հիմնելու։ Այն գործարկում է բացահայտ և գաղտնի առցանց ակտիվներ, որոնք նախատեսված են ռուսական պետական քարոզչությունը տարածելու համար։
Նշվում է, որ «Դիալոգը» հանձնարարություն է ստացել Ռուսաստանի նախագահի վարչակազմից և համագործակցել է ռուսական հետախուզական ծառայությունների հետ՝ ՌԴ կառավարության անունից չարամիտ ազդեցության արշավներ իրականացնելու համար։ Այն նաև համակարգել է ռուսական հետախուզության հետ Հայաստանի ներքին քաղաքականությանն ուղղված միջամտության ծրագրերը։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։