
«Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթն առաջին անգամ անցկացվելու է Հայաստանում։ Այն կմեկնարկի հունիսի 6-ին, և այդ օրը եվրոպական մի շարք երկրների պատվիրակություններ ժամանելու են Երևան։ Հայաստանը ներկայացնելու է 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասուլիսի ընթացքում ընդգծել է միջոցառման կարևորությունը մշակութային քաղաքականության տեսանկյունից, հայտնում է Panorama.am-ը:
«Կարևոր է, որ դասական արվեստը դարձնենք ավելի տեսանելի, հանրային առումով ավելի ընդգծենք դրա ներկայությունը մեր կյանքում»,-ասել է նա:
Նախարարը նշել է նաև, որ մրցույթի անցկացման օրը խորհրդանշական նշանակություն ունի։
«Այդ օրը Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է, և հենց այդ օրը դասական արվեստին անդրադարձով՝ ևս մեկ անգամ կարժևորենք մեր մեծանուն կոմպոզիտորին»,-նշելէնա:
Անդրեասյանի խոսքով՝ միջոցառման ֆինանսավորումն իրականացվում է կառավարության կողմից, և համապատասխան որոշումը կընդունվի մոտ ապագայում։
«Արդեն քննարկված է, մոտ 750 միլիոն դրամ է նախատեսված»,-ասելէ նա:
Մրցույթն անցկացվելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության համագործակցությամբ։ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հայտնել է, որ միջոցառումը չի սահմանափակվելու միայն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի ներսում․ ծրագրի մի հատվածը տեղի է ունենալու նաև շենքի տանիքում։
«Այս հեռաձակումը դիտելու են ոչ միայն Հայաստանում, նաև այն երկրներում, որտեղից մասնակիցներ ունենք, ուստի Հայաստանն այդ օրը դառնալու է դասական երաժշտության մայրաքաղաք, մասնակից երկրների ուշադրության կենտրոնը լինելու է Երևանի ու օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի վրա»,- ասել է նա։
«Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթին մասնակցելու են Հայաստանը, Բելգիան, Կիպրոսը, Չեխիան, Գերմանիան, Լատվիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սերբիան, Շվեդիան և Շվեյցարիան։