12 մայիսի 2026 - 18:52 AMT
Էրդողանի խորհրդականը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է ՀՀ հետ կարգավորման գործընթացը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Այս մասին նա հայտնել է X-ում կատարած գրառմամբ։

«Հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը, Հարավային Կովկասում կապի նախագծերը, տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերը, ինչպես նաև ԵՄ մոտեցումը տարածաշրջանին»,- նշել է Քըլըչը, հայտնում է Factor.am-ը:

Նա ընդգծել է, որ շեշտադրել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության, կայունության և համագործակցության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը։

Ավելի վաղ Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը հայտարարել էր, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության գործընթացում: