25 հունիսի 2009 - 15:53 AMT
Ռուսաստանը կհեռանա՞ Եվրոպայի Խորհրդից
Ռուսաստանն Եվրոպայի ամենահետամնաց երկրներից է մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ներկայացուցիչը: Նման կոշտ քննադատությունն այն դժգոհության հետ միասին, որը ՌԴ իշխանությունները տածում են Ստրասբուրգի դատարանի հանդեպ, ավելացնում է Եվրոպայի Խորհրդից դուրս գալու գաղափարի ժողովրդականությունը Մոսկվայում:

Ներկայումս ԵԽԽՎ դիտարկման ներքո են գտնվում 11 երկրներ` Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բոսնիան ու Հերցոգովինան, Վրաստանը, Մոլդովան, Մոնակոն, Չերնոգորիան, Ռուսաստանը, Սերբիան ու Ուկրաինան: Երեկ ԵԽԽՎ-ն միջանկյալ ամփոփում է անցկացրել, թե ինչպես են թվարկված երկրները կատարում իրենց պարտավորությունները եւ որքանով են առաջընթաց գրանցել ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Ռուսաստանը ռեկորդակիր է չկատարված պարտավորությունների քանակով: ՌԴ-ն միակ երկիրն է, որը չի հրաժարվել մահապատժից, այլ լոկ սառեցրել է այն: Ըստ Եվրոպայի Խորհրդի, ՌԴ-ին այդպես էլ չհաջողվեց արդյունավետ ռազմական բարեփոխում անցկացնել: Ռուսաստանը, ինչպես Մոնակոն ու Ադրբեջանը, մինչ օրս չի ստորագրել մարդկանց առեւտրին հակազդելու մասին կոնվենցիան:

Ռուսաստանի կողմից իր պարտավորությունների եւս մեկ խախտում է այն, որ Պետդուման հրաժարվել է վավերացնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ արձանագրությունը, որը պետք է նպաստեր Ստրասբուրգի դատարանի բարեփոխմանն ու այնտեղ քննվող գործերի ուսումնասիրման արագացմանը:

Դժգոհություններ կան նաեւ խոսքի ազատության ապահովման ոլորտում: ԵԽԽՎ-ն նշում է, որ «ճնշման եւ ահաբեկման դեպքերը, ֆիզիկական հաշվեհարդարը լրագրողների հետ» տարածված երեւույթներ են Հայաստանում, Ադրբեջանում, Բուլղարիայում, Մոլդովայում, Ռուսաստանում, Սերբիայում ու Ուկրաինայում: Ամենակոպիտ խախտումը ԵԽԽՎ-ն համարել է ԵԽԽՎ անդամ երկու երկրների` Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ պատերազմը:

Եվրոպայի Խորհրդի պարզաբանած խնդիրների առատությունը վկայում է այն մասին, որ Ռուսաստանն առաջիկայում չի կարողանա դուրս գալ ԵԽԽՎ դիտարկումից, հաղորդում է altaypressa.ru-ն: