
Մայիսի 12-ին Վիեննայում տեղի է ունեցել «Եվրատեսիլ» երգի 70-րդ մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, 15 երկրից եզրափակիչ է անցել 10-ը՝ Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը:
Առաջին կիսաեզրափակիչը չեն հաղթահարել Պորտուգալիան, Վրաստանը, Մոնտենեգրոն, Էստոնիան, Սան Մարինոն:
«Եվրատեսիլ-2026»-ում Հայաստանը ներկայացնում է Սիմոնը։ Նա իր Paloma Rumba երգով ելույթ է ունենալու մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 14-ին։
Այս տարվա մրցույթն աչքի է ընկնում քաղաքական լարվածությամբ և բոյկոտներով` բողոքի ակցիաներ են անցնում Իսրայելի մասնակցության դեմ Գազայում պատերազմի պատճառով: Այդ հարցի շուրջ «Եվրատեսիլ 2026» բոյկոտում է 5 երկիր:
28-ամյա իսրայելցի Նոամ Բետանի ելույթի ժամանակ լսվել են սուլոցներ, հնչել հակաիսրայելյան կարգախոսներ, սակայն, մի մասն էլ աջակցել է երգչին՝ վանկարկելով նրա անունը:
Մինչ ելույթը երգիչը ասել էր Jerusalem Post-ին, որ մտադիր է կնետրոնանալ երաժշտության վրա, իսկ ցանկացած քննադատություն ընդունելու է որպես «Ֆոնային աղմուկ», գրում է BBC-ն:
Վիեննայում նախատեսվում են նաև պաղեստինամետ բողոքի ակցիաներ, ինչի հետևանքով քաղաքում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։ Ավստրիայի տարբեր շրջաններից ոստիկաններ են տեղափոխվել մայրաքաղաք, իսկ աջակցություն են ցուցաբերում նաև Գերմանիայի իրավապահ մարմինները։
Մրցույթի գլխավոր ֆավորիտներից մեկը համարվում է Ֆինլանդիան՝ «Liekinheitin» երգով, որը կատարում են Linda Lampenius-ը և Pete Parkkonen-ը։
Մրցույթի եզրափակիչ համերգը կայանալու է մայիսի 16-ին։