25 հունիսի 2009 - 16:00 AMT
Իսրայելի պաշտպանության նախարարությունը կասեցրել է «իրանական» իր ստորաբաժանման գործունեությունը
Իսրայելի պաշտպանության նախարարությունը կասեցրել է Իրանի գործերով զբաղվող իր ոչ մեծ ստորաբաժանման գործունեությունը, որի տարեկան բյուջեն կազմում է շուրջ 1 մլն դոլար: Գործունեությունը դադարեցվել է մոտ երկու շաբաթ առաջ նախարարությունում բյուջետային կրճատումների շրջանակներում:

«Իրանական» ստորաբաժանումը Ուրի Լուբրանի ղեկավարությամբ, որը «հին սերնդի» ներկայացուցիչ է եւ Իրանի դեմ ռազմական գործողությունների հակառակորդ է, հարաբերություններ էր պահպանում իրանական սփյուռքի ներկայացուցիչների, ԶԼՄ-ների հետ, համակարգում էր «Իսրայելի ձայն» ռադիոկայանի հեռարձակումները պարսկերեն լեզվով Իրանում եւ Լիբանանի հարավում:

Իրանի խնդրով Իսրայելում զբաղվում են ԱԳՆ-ի եւ պաշտպանության նախարարության մի քանի բաժիններ եւ ստորաբաժանումներ: Իրանի միջուկային ծրագրի եւ օբյեկտների մասին տեղեկությունների հավաքագրմամբ զբաղվում է նաեւ ռազմական ու արտաքին հետախուզությունը: ԱԳՆ-ն պատասխանատու է միջազգային շփումների եւ բացատրական աշխատանքի համար: Այս համակարգում Լուբրանին հատուկ կարգավիճակ ուներ:

Տարիներ շարունակ նրա օգնականն է եղել «Մոսադի» նախկին գործակալ Իցհակ Բարզիլայը, որը մասնակցել է գաղտնի գործողություններին Եվրոպայում, իսկ այնուհետեւ Իրանում, թոշակի անցնելուց հետո տեղափոխվեց «Իրանի գծով ստորաբաժանում», գրում է Իսրայելի Haaretz թերթը: