
Էկոնոմիկայի նախարարությունը դիմել է գործարարներին՝ տեղեկացնելով Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի իրականացման մեկնարկի մասին։
«2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև տրվել է ուղիղ առևտրի իրականացման մեկնարկը։
Արդյունքում հնարավորություն է ստեղծվել երկու երկրների միջև իրականացնել ուղիղ ապրանքաշրջանառություն, ինչը կնպաստի ծախսերի և մատակարարման ժամկետների էական կրճատմանը և բիզնեսի համար նոր շուկաների ու համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երրորդ երկրների տարածքով փոխադրման դեպքում ևս ապրանքների ծագման երկիրը կամ վերջնական նպատակակետը պաշտոնապես կարող է նշվել որպես «Հայաստան» կամ «Թուրքիա»։
Հարցերի դեպքում կարելի է զանգահարել 011597211 համարով:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մայիսի 13-ին տարածած հաղորդագրությամբ տեղեկացրել է Հայաստանի հետ ուղիղ առևտրի մեկնարկի համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների ավարտի մասին: ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Թուրքիայի կողմից ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքների վերացումը: