
Հայկական ատոմային էլեկտրակայանի 2026 թվականի ներդրումային ծրագրի արժեքը կկազմի 4 մլրդ 183 մլն 900 հազար դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի։ Նման որոշում է կայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
«ՀԱԷԿ–ի ներդրումային ծրագրի շրջանակում իրականացված ներդրումների արդյունքում շահագործման հանձնված հիմնական միջոցների մաշվածությունը կհաշվարկվի գծային եղանակով և կկիրառվի տարեկան 10.0 տոկոս մաշվածության նորմա»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Որոշումն ուժի մեջ կմտնի «Հայկական ատոմային էլեկտրակայանին» օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
Նիստից հետո՝ անդրադառնալով ընթացիկ տարվա ծրագրերին, ՀԱԷԿ-ի տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն ասել է, որ ատոմակայանի հովացման աշտարակների վերանորոգման աշխատանքներն ավարտին են հասցվել, իսկ կապալառու՝ հայկական «Էմ գրուպ» ընկերությանը մնացել է մոտ 50 մլն դրամի ապրանք ներմուծել, հայտնում է Sputnik Արմենիան:
Ընդհանուր աշխատանքների ծավալը կազմել է 100 մլն դրամ։
«Ինչ վերաբերում է պատասխանատու սպառիչների հովացման համակարգին, ապա արդեն իսկ սկսվել են վերանորոգման աշխատանքները, մրցութային գործընթացի շրջանակում դա անում է «Ռոսատոմ» պետկորպորացիայի կազմում գտնվող «Ռոսատոմ սերվիս» ընկերությունը։ Աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են ապրիլից։ Այս պահին իրականացվում են դեմոնտաժի և զուգահեռ մոնտաժի աշխատանքներ»,– մանրամասնել է Մարտիրոսյանը։
Նա անդրադարձել է նաև մետաղի այն նմուշներին, որոնք պետք է ուղարկվեն Ռուսաստան։ Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ առաջին խմբաքանակը 2025 թվականին արդեն ուղարկվել է, իսկ երկրորդ խմբաքանակը հանվել է ռեակտորի իրանից, տեղադրվել հատուկ կոնտեյների մեջ և առաջիկայում կուղարկվի ՌԴ՝ պաշարները որոշելու և ռեակտորի իրանի ամրության հաշվարկներ իրականացնելու նպատակով։
«Առաջին խմբաքանակի նախնական պատասխանը դրական էր, որ թրծումն իր էֆեկտիվությունը տվել է, և, ըստ կոնկրետացված տվյալների, մինչև 2039 թվականը ռեակտորի իրանը կարող է աշխատել։ Իհարկե, 2036 թ․-ին, եթե անհրաժեշտություն լինի, հաշվարկներ կանենք ատոմակայանի լրացուցիչ տարիների աշխատանքի համար, ինչու ոչ, նաև նորից թրծում կանենք»,– վստահեցրել է ՀԱԷԿ-ի տնօրենը։
Մարտիրոսյանը նաև տեղեկացրել է, որ ատոմակայանի պահեստարանի 4-րդ բլոկի կառուցումը պետք է ավարտվի այս տարի։ Նախագծողը ֆրանսիական ընկերություն է, որը նաև իրականացնելու է վերահսկողություն։
Հայկական ԱԷԿ-ն ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ մեկ երրորդը։ Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին։ Մեծամորի ԱԷԿ-ը չի տուժել Սպիտակի ավերիչ երկրաշարժի ընթացքում։
Սկզբնապես կայանի շահագործման ավարտի ժամկետ սահմանվել էր 2016 թվականը, սակայն «Ռոսատոմ» պետկորպորացիայի մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը։ 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ սերվիս»-ը և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն շրջանակային պայմանագիր են կնքել կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու միջոցառումների համալիրի իրականացման վերաբերյալ։