
Ճամպրուկներով 72.6 մլն ռուբլի ՀՀ բերելու գործով փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել ՌԴ 2 քաղաքացու: Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեն՝ պատասխանելով Panorama.am-ի հարցմանը:
«ՀՀ ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի, 3-րդ կետով, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում կատարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ՌԴ երկու քաղաքացու»,-ասվում է ՔԿ պատասխանում:
ՔԿ-ից նաև հայտնել են, որ պաշտոնական գրությամբ հայցված մնացած տեղեկությունները «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն տրամադրման ենթակա չեն։
Ապրիլի 30-ին Պետական եկամուտների կոմիտեի և ԱԱԾ սահմանապահ ստորաբաժանման կողմից Հայաստան ժամանելուց հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Ռ․ Թ․-ն, ում մոտ առկա էր եղել կանխիկ 65 մլն․ ռուսական ռուբլի։ Մեկ օր անց ՀՀ ժամանած Ռ․Թ-ի ազգական՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հ․Թ․-ի մոտ ևս հայտնաբերվել էր խոշոր կանխիկ գումար՝ 7․6 մլն․ռուսական ռուբլի։
Մինչ այդ, էլ մարտի 27-ին ՊԵԿ-ը հաղորդագրություն էր տարածել, որ նույն եղանակով Հայաստան է տեղափոխվել 18-ից մինչև 100 մլն ռուբլի։ Ըստ ՊԵԿ պարզաբանման, վերոնշյալ բոլոր խախտումներով կազմված գործի նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտե։