13 մայիսի 2026 - 17:01 AMT
Զյուգանովը Պետդումայում պահանջել է այլևս չընդունել Փաշինյանին Մոսկվայում

ՌԴ կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը Պետդումայի լիագումար նիստում պահանջել է այլևս չընդունել Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ըստ նրա՝ Փաշինյանը «նվաստացրել և վիրավորել է ՌԴ-ին, որի նմանը մեծ տոնի նախօրեին դժվար է նույնիսկ պատկերացնել», գրում է Agents media-ն:

«Ամեն ինչ կարող էի պատկերացնել, բացի այն բանից, որ Երևանից կհնչեն Կարմիր հրապարակը գնդակոծելու սպառնալիքներ», — հայտարարել է նա՝ չնշելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անունը, սակայն ակնհայտորեն նկատի ունենալով նրա ելույթը Երևանում։

Ուկրաինայի նախագահը մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման ժամանակ հայտարարել էր, որ ռուսները «վախենում են, որ Կարմիր հրապարակի վերևում անօդաչուներ կբզզան»։

«Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են նրանք դա թույլ տալիս Երևանում և ինչո՞ւ են Փաշինյանին ընդունում Մոսկվայում։ Ես պնդելու եմ, որ այս գործիչը, անկախ նրանից, թե ինչպես կքվեարկեն՝ նրա օգտին կամ դեմ, այլևս չհայտնվի մեր մայրաքաղաքում», — ասել է Զյուգանովը։

Մայիսի 9-ի մամուլի ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինին հարց էր ուղղվել այն մասին, թե Մոսկվան ինչպես է վերաբերվում նրան, որ Փաշինյանը «մի քանի օր առաջ ընդունել էր Զելենսկուն և նրան հարթակ տվել մեր երկրի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար»։ Ռուսաստանի նախագահը պատասխանել էր, որ Երևանին «տրամաբանական» է անցկացնել հանրաքվե Եվրոպայի հետ մերձեցման հարցով, ապա Հայաստանում տեղի ունեցող գործընթացները համեմատել Ուկրաինայի հետ

«Մենք հիմա ապրում ենք այն ամենը, ինչ տեղի է ունենում ուկրաինական ուղղությամբ։ Իսկ ինչի՞ց սկսվեց։ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու կամ անդամակցելու փորձից... Այդ պատճառով պետք չէ իրավիճակը հասցնել ծայրահեղության, պարզապես պետք է ժամանակին ասել, որ այսպես ու այսպես ենք վարվելու»,-ասել էր Պուտինը:

Պուտինի հայտարարությունից հետո Հայաստանի թեմային անդրադարձել էր նաև Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նա իր տելեգրամյան ալիքում գրել էր, որ Փաշինյանի քայլը «բարեկամական քայլ» անվանել չի կարելի։